
Որոշ տեղեկություններով` Էդուարդ Բաբայանը ծեծել է բռնցքամարտիկներից մեկի հորը։
Հայտնի գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել հունիսի 2-ին։ Միջադեպի պատճառ է դարձել Բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը։ Այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Մարզիկների մի մասը որոշել է այս պաշտոնում վերընտրել Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանին (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա)։ Մյուս մասը, այդ թվում` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, դեմ է եղել։
Մարզական տարաձայնությունները վերածվել են «հարաբերություններ պարզելու», որի ընթացքում գործի են դրել բռունցքները, միջամտել է Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը, և նա ծեծել է բռնցքամարտիկներից մեկի հորը։
Ըստ մեր աղբյուրի` տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նա արդեն ցուցմունք է տվել Բաբայանի դեմ։