Հայկ Բալայան. Տարոն Տոնոյանը «Երևան» ԲԿ-ում կոռուպցիոն սխեմաներ է իրականացրել
Advertisement 1000 x 90

Հայկ Բալայան. Տարոն Տոնոյանը «Երևան» ԲԿ-ում կոռուպցիոն սխեմաներ է իրականացրել

«Երևան» ԲԿ-ում տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Տարոն Տոնոյանը խոշոր կոռուպցիոն սխեմաներ է իրականացրել, որոնց փաստերով քրեական գործ է հարուցվել:

Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է նշված բժշկական կենտրոնի համասեփականատեր, CMS Ժամանակակիվ վիրաբուժության կլինիկայի վիրաբուժության և լապարոսկոպիայի ծառայության ղեկավար Հայկ Բալայանը:

«Մի քանի տարվա ընթացքում նա որոշ աշխատողներին արձակուրդայիններ չի տվել, մյուսներից գլխավոր հաշվապահը խոշոր գումարներ է պահել՝ ամեն ամիս մինչև մի քանի տասնյակ հազար դրամ», – պատմել է Բալայանը:  Բացի այդ Տարոն Տոնոյանի եղբայրը՝ Սասուն Տոնոյանը, ՍՊԸ է հիմնադրել, որը ԲԿ-ում շուկայականից 3 անգամ թանկ գներով եվրոպատուհաններ է տեղադրել:

«Երբ այս պատմությունները ջրի երես դուրս եկան, Տոնոյանն ասաց, որ հրաժարվում է մեզ հետ աշխատել», -ասել է Բալայանը:

Նրա խոսքով Տոնոյանի գործունեության արդյունքը եղավ 110 մլն դրամի չափով հարկերից խուսափելը: Բացի այդ հիվանդանոցի դրամարկղում 350 մնլ դրամի պակասորդ է եղել:

Չարաշահումների դեպքերի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել, որի համաձայն «Երևան» ԲԿ-ի որոշ աշխատակիցներ տուժող  են ճանաչվել: «Ճշմարտությունն այն է, որ Տոնոյանի գլխավոր հովանավորը գեներալ Արթուր Աղաբեկյանն է, ով բազմիցս հանդիպել է ինձ հետ և սպառնալիքներ հնչեցրել: Տոնոյանը ՀՅԴ անդամ է, և կուսակցության վերնախավը ամեն ձևով փորձում էր ճնշում գործադրել ինձ վրա», – ասել է նա:

Բալայանը հիշեցրել է, որ դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ Տոնոյանի օգտին Կառավարության որոշումով օտարվել էր գիտական կենտրոնի 3 հարկանի շենքը, ընդ որում մայրաքաղաքի հեռավոր շրջանում 2 սենյականոց բնակարանի համարժեք գնով:

«Այսօրվա դրությամբ Տոնոյանն այնտեղ վերանորոգման աշխատանքներ է կատարում և ամեն կերպ փորձում է իրեն զոհ ներկայացնել, թեև դա իրականությանը չի համապատասխանում», – նշել է նա:

Բալայանը ուշադրություն է դարձրել մեկ փաստի վրա. Տոնոյանի ընկերը ոչ պակաս հայտնի №19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանն է: Որոշ աշխատակիցներ նրա դեմ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահումների մեղադրանքներ են ներկայացրել, քրեական գործ է հարուցվել:

«Սարգսյանն իր պոլիկլինիկայի տարածքում «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ է բացել, որի տնօրենը Տարոն Տոնոյանն է», – հայտնել է նա:

Բալայանը նաև անհեթեթ է անվանել Տոնոյանի մեղադրանքներն իր հասցեին, որոնք նա հայտնել է հուլիսի 2-ի ասուլիսի ժամանակ:

«Նրա հայտարարություններն այն մասին, որ ես գերազանցիկ չեմ եղել, ծիծաղելի են: Ես հպարտանում եմ իմ գնահատականներով և ես ամաչելու ոչինչ չունեմ: Իսկ Տոնոյանն ինքը  ընդհանուր վիրաբույժ է աշխատում, թեև սովորել է մանկաբուժության ամբիոնում առանց կլինիկական օրդինատուրայի», – նշեց վիրաբույժը:

Տոնոյանի մյուս մեղադրանքը վերաբերում էր նրան, որ Բալայանը լեյտենանտի կոչում ունի, թեև չի սովորել ռազմական ամբիոնում:

«Ես Հայաստանի ԶՈՒ-ում որպես շարքային եմ ծառայել, բայց հետագայում ԵՊԲՀ-ում ռազմական ամբիոնում դասընթացներ եմ անցել, ինչի հիման վրա բժշկական ծառայության լեյտենանտի կոչման եմ արժանացել»:

Հավելենք, որ «Երևան» ԲԿ-ի համասեփականատերներ Տարոն Տոնոյանի և Հայկ Բալայանի միջև  կոնֆլիկտի հետևանքով տվյալ ԲԿ-ն 2016-ի աշնանից չի աշխատում:

med.news.am