«Մի լուսավոր ճրագ մարեց մեր շրջապատում»
Advertisement 1000 x 90

«Մի լուսավոր ճրագ մարեց մեր շրջապատում»

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՆԱԴՅԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:
1976թ. – Վիլնյուսում պետք է կայանար համամիութենական երիտասարդական երգի փառատոն: Ռոբերտ Ամիրխանյանը՝ երիտասարդ, բայց արդեն շատ հայտնի կոմպոզիտորը և ես՝ ի պաշտոնե, պետք է ընտրենք ներկայացուցիչ Հայաստանից: Դահլիճում մասնակիցների մտերիմներն են, բեմում՝ լուսահոգի Կոկայի՝ Ակսել Բակունցի վոկալ-գործիքային անսամբլը: Ռոբերտի գլուխը փիս ցավում է և անգամ գլուխը չի բարձրացնում կատարողներին լսելիս: Մեկին միայն մի քառյակ է լսում և ձեռքով անում թե բավական է, մյուսին մի քանի նոտայից հետո է կանգնեցնում և այսպես արդեն վեցերորդին է մերժում: Ես արդեն հուսահատ եմ լինում:

Վերջապես բեմ դուրս եկավ շատ հմայիչ և բարեկազմ մի աղջնակ: Առաջին նոտաներից Ռոբերտի ունքը սկսեց բարձրանալ, առաջին քառյակից հետո գլուխը բարձրացրեց և թույլ տվեց ամբողջ երգը կատարել: Դիմեց Նադյային.

– Մի անգամ էլ ֆալցետը կրկնիր:

Հետո հարցրեց.

– Անունդ ինչ է:

– Նադեժդա:

Ռոբերտը դարձավ ինձ.

– Համաձայն ես, որ իրեն ուղարկենք Վիլնյուս:

Ես ուրախությամբ գլխով արեցի

Ի հպարտություն բոլորիս, Նադյան Վիլնյուսից վերադարձավ որպես մրցույթի դափնեկիր: Այսպես սկսվեց Նադյայի վերելքը:
Շատ եմ ափսոսում, որ վերջին տարիներին, հատկապես՝ Դոդոյի մահից հետո, քիչ էինք շփվում իր հետ: Բայց միշտ բարձր եմ գնահատել նրա բոլոր արժանիքները:
Մի լուսավոր ճրագ մարեց մեր շրջապատում:
Թող լույս իջնի քո հոգուն Նադյա ջան»: