«Կոնկրետ Նախիջևանի հատվածում սահման հասկացություն գոյություն չունի. այդ հատվածում սահմանագծում չի կատարվել»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նկատեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ գոյություն ունեն դիրքեր:
Դիմելով ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ Դավիթ Շահնազարյանը հետաքրքրվեց, թե երբ են եղել այդ դիրքերի առաջխաղացումները, քանի՞ ադրբեջանական դիրք կա, որտեղից նշանառության տակ է գտնվում Երասխ-Սիսիան կամ Երասխ-Գորիս ճանապարհը. «Ե՞րբ են դրանք առաջացել, ինչո՞ւ է թույլատրվել այդ դիրքերի առաջխաղացումը՝ 92 թվականից հետո նման դիրքեր չեն եղել այդտեղ»:
Դավիթ Շահնազարյանը իր անհամաձայնությունը հայտնեց Արծրուն Հովհաննիսյանին, թե՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմի հնարավորությունը նույնն է, ինչ որ մի քանի ժամանակ առաջ: «Ես համարում եմ և պատրաստ եմ ապացուցել, որ 30 տարվա ընթացքում երբեք Ադրբեջանի համար պատերազմ սկսելու այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել՝ բոլոր բաղադրիչներով»: