Մարզական գործունեությունը դադարեցրած մարզիկների վրա տարկետումն այլևս չի տարածվի և նրանք կզորակոչվեն բանակ. Փաշինյան
Advertisement 1000 x 90

Մարզական գործունեությունը դադարեցրած մարզիկների վրա տարկետումն այլևս չի տարածվի և նրանք կզորակոչվեն բանակ. Փաշինյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագծին: Ինչպես հաղորդում է, կառավարության հուլիսի 4-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը:

Նախարարը նախագծի հիմնավորման մեջ նշեց, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

«Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկներին չտրամադրվի տարկետման իրավունք: Հետևաբար Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը»,- նշեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս նախագիծը բուռն քննարկումների պատճառ է դարձել: «Առավոտն այս հարցով ինձ մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը բուռն քննարկում է տեղի ունեցել: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է այս ոլորտում մեր քաղաքականությունը լրջորեն վերանայենք ու այլ մեխանիզմներ ունենանք, որ քաղաքականությունն արդյունավետ լինի: Այս պահին կշարժվենք այն տրամաբանությամբ, որը մինչ այս գործել է՝ արձանագրելով, որ մենք այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, տարկետումն այլևս նրանց վրա չի տարածվում և նրանք պետք է զորակոչվեն բանակ: Այսինքն, բանակից ազատման մասին խոսք չի գնում»,- հայտարարեց Փաշինյանը:

Ավելի վաղ նախագծի վերաբերյալ եզրակացություն էր ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ որի՝ ներկայացված 25 քաղաքացիներից տարկետում է տրվելու 21-ին: