Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Մի «սուվենիրի» պատմություն, որը ցնցեց բոլորին.
Փաստորեն արդեն հաստատվեց, որ Հայ առաքելական եկեղեցու սրբության սրբոցը հանդիսացող Սուրբ Գեղարդից մի կտոր տարիներ առաջ որպես շարքային «սուվենիր» ներկայիս դեռևս պաշտոնավարող կաթողիկոսի կողմից տրվել է ռուսներին:
Այդ մասին արտահոսքը ողողել էր ողջ համացանցը: Սկզբում Էջմիածնից փորձում էին հերքել այդ փաստը, հետո տարածվում էր իրարամերժ ինֆորմացիա, և ահա Մայր աթոռի պաշտոնական ներկայացուցիչը վերջապես հաստատեց, որ 2004-ին Ռուսաց եկեղեցու պատրիարք Ալեքսի 2-րդի 75-ամյակի առիթով Գեղարդի կոթառի միջից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է իրեն՝ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, և այժմ այդ երկհազարամյա բացառիկ, գին չունեցող մասունքի կտորը գտնվում է Սանկտ Պետերբուրգի մարզի Սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե ռուսական վանքում:
Կարծում եմ, այլ բնորոշում, քան սրբապղծություն, այս ամենը հնարավոր չէ անվանել: Այստեղ անհասկանալի է ամեն ինչ. որ՞ն էր դրա իմաստը, ո՞վ է եղել այդ գործընթացը հրահանգողը, ինչու՞ այդ փաստը մինչ հիմա լայն հանրությանը հայտնի չի եղել, արդյո՞ք հիմա ներկայացվող Գեղարդը դա հենց բնագիրն է, և այլ շատ բազում հարցականներ կան այս առեղծվածային «նվիրատվության» հետ կապված:
Վերջին խայտառակ բացահայտումներից հետո՝ հիմա էլ ահա ազգային բացառիկ արժեքի մի մասնիկի օտարման այս պատմության մասին ենք տեղեկանում: Այսքանից հետո կարելի է եզրակացնել, որ կաթողիկոսի հրաժարականն այլևս արդեն իրեն երկար սպասեցնել չի տա, քանի որ նրա զանգն արդեն ղողանջել է: