Ուրուգվայի հավաքականը մինչև քառորդ եզրափակչի այսօրվա հանդիպումը տպավորիչ ֆուտբոլ էր անցկացրել աշխարհի առաջնության չորս խաղերում` տանելով նույնքան հաղթանակ: Սակայն մեկ պարտությունը ճակատագրական դարձավ լատինաամերիկյան հավաքականի համար ու նա լքեց Մունդիալ-2018-ը:
Այսօր, քառորդ եզրափակիչում Ուրուգվայի հավաքականի մրցակիցը Ֆրանսիայի ընտրանին էր, որը ևս հավատարիմ մնաց ֆուտբոլային չգրված օրինաչափություններին. այս հավաքականը 1978-ից չի պարտվել Հարավային Ամերիկան ներկայացնող ոչ մի հավաքականի. չպարտվեց նաև այսօր:
Մեկ այլ օրինաչափություն էլ այսօր անշեղորեն աշխատեց. բոլոր այն խաղերում, որոնցում գոլ է խփել Անտուան Գրիզմանը, Ֆրանսիայի հավաքականը չի պարտվել: Իհարկե, Գրիզմանն իր այսօրվա գոլի համար «պարտական» է Ուրուգվայի դարպասապահ Ֆերնանդո Մուսլերին, ով պարզապես մանկական սխալ թույլ տվեց` երկրորդ խաղակեսում բաց թողնելով երկրորդ գնդակը: Առաջին կեսում գլխի հարվածով հաշիվը բացել էր ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը:
Ֆրանսիայի հավաքականը 1/4 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է Բելգիայի հավաքականի հետ:
Շատերը համարում են, որ այսօր Կազանի մարզադաշտում գրանցվել է առաջնության խոշոր անակնկալներից մեկը: Խոսքը Բելգիա-Բրազիլիա հանդիպման մասին է, որի արդյունքով աշխարհի հնգակի չեմպիոններն և այս առաջնության ֆավորիտներից մեկը լքեցին առաջնությունը: Սակայն Մունդիալ-2018-ին ուշադիր հետևողները թերևս կհաստատեն, որ Բելգիայի հավաքականի հաղթանակը նույնիսկ օրինաչափություն է: Բելգիացիները մինչև այս հանդիպումը հաղթանակ էին տարել նախորդ բոլոր հանդիպումներում` ցուցադրելով չափազանց արդյունավետ ֆուտբոլ. չորս խաղում նրանք խփել են 12 գնդակ:
Հատկապես առաջին խաղակեսում Բելգիայի հավաքականը ցուցադրեց գեղեցիկ ֆուտբոլ` ըստ էության, վճռելով կիսաեզրափակչի ուղեգրի հարցը: 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկության ժամանակ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերնանդինյուն դարձավ ինքնագոլի հեղինակ:
31-րդ րոպեին Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ:
Բրազիլացիները երկրորդ խաղակեսում ունեին ակնհայտ խաղային առավելություն, սակայն աչքի ընկան ընդամենը մեկ անգամ և լքեցին ընթացիկ առաջնությունը:
Ուշագրավ է, որ այսօր Մունդիալ-2018-ը լքեցին լատինաամերիկյան երկու հավաքականները և հիմա աշխարհի առաջնության չեմպիոնության համար պայքարը շարունակում են միայն եվրոպական ընտրանիները: