Սերգեյ Դովլաթովի կյանքի կանոնները
Advertisement 1000 x 90

Սերգեյ Դովլաթովի կյանքի կանոնները

Գրողը մահացել է 1990թ. Օգոստոսի 24-ին Նյու-Յորքում, 48 տարեկան հասակում:

Իմ մասնագիտությունը ռուս հեղինակ լինելն է:

Ես ծնվել եմ ոչ այնքան համերաշխ ընտանիքում, դպրոցում ունեցել եմ միջակ առաջադիմություն, ժամանակին հեռացվել եմ համալսարանից, 3 տարի ծառայել եմ ճամբարային պահակախմբում, գրել եմ պատմվածքներ, որոնք չեմ կարողացել տպագրել. ստիպված եմ եղել լքել հայրենիքս:

Ես երկար եմ մտածել, թե ինչպես ձևակերպեմ ազգային պատկանելությունս, և որոշել եմ, որ ես մասնագիտությամբ ռուս եմ։

Իմ ամբողջ կյանքում ես պատմում եմ պատմություններ, որոնք ես կամ ինչ-որ տեղ լսել եմ, կամ հորինել, կամ վերափոխել:

Նևա գետի սառույցի մեջ մխրճված նավի պահախմբում էի ժամանակին: Այն ընդհանրապես որևէ արժեք չուներ, ինչ հնարավոր էր գողանալ նրա վրայից, արդեն տարել էին, բայց միևնույն է, շուրջօրյա 3 հոգի, որից երկուսը՝ բարձրագույն կրթությամբ, պահպանում էին այն:

Իմ գործերը չէին տպագրում: Ես չէի կարողանում վաստակել գրական աշխատանքով: Հոգեկանս խանգարվել էր, սկսել էի խմել: Ինձ շրջապատում էին ինձ նման հարբեցող, չգնահատված տաղանդներ, բայց ուր էլ տանում էի պատմվածքներս, լսում էի միայն հաճոյախոսություններ: Երբեք ոչ ոք կասկած անգամ չհայտնեց իմ` գրողի աշխատանքով զբաղվելու իրավունքի վերաբերյալ:

Ես չեմ զղջում կրածս աղքատության համար: Եթե հավատանք Հեմինգուեյին, աղքատությունը գրողի համար անփոխարինելի դպրոց է: Աղքատությունը մարդուն ամենատես է դարձնում: Հատկանշական է, որ Հեմինգուեյը դա հասկացավ հարստանալուն պես:

Ես հեռացա, որ գրող դառնամ:

Աշխարհի միակ երկիրը, ուր անհասկանալի ծագման, արևելաեվրոպական լեզվի տիրապետող մարդը կարող է իրեն բնական զգալ, Ամերիկան է:

Երբ ես ապրում էի Լենինգրադում, ես կամ այնտեղ տպագրվածն էի կարդում, կամ թարգմանված հեղինակներին: Եվ երբ ինչ-որ ամերիկյան վեպում նկարագրված էր, թե ինչպես հերոսը մտավ բար, ցինկե սեղանին շպրտեց կես դոլար և պատվիրեց կրկնակի մարտինի, դա այնքան իրական, ճիշտ թվաց, ճիշտ Շեքսպիրի նկարագրածի պես:

Հիմա մոդայիկ է արտագաղթելուց հետո պատմել անցկացրած տառապանքների մասին: Ինձ ոչ ոք չի շպրտել, չի նեղել, չի աքսորել: Պարզապես կյանքն այդպես դասավորվեց: Ոչ ոք ինձ ձեռնաշղթաներ չի հագցրել ու ստիպել լքել երկիրը. միայն խորհուրդ են տվել:

Այն ժամանակների ամենատրադիցիոն էմիգրանտական տարբերակը հետևյալն էր. կինն աշխատում է, իսկ ամուսինը բազմոցին պառկած՝ խոսում է վեհ գաղափարներից, պլաններ է կազմում և մտահոգվում ժողովրդավարության ճակատագրի մասին: Նույնն արել եմ ես մի քանի ամիսների ընթացքում:

Ամերիկայում ես այդպես էլ հարուստ ու հաջողակ մարդ չդարձա: Իմ երեխաները լավ չեն խոսում ռուսերեն, ես վատ եմ խոսում անգլերեն:

Ես թույլ մարդ եմ, և դիմացկուն դիսիդենտ ինձնից դժվար թե դուրս գա:

Ինձ փաստերը չեն հետաքրքրում: Ես դրանք խառնում եմ, շատ եմ խաբում, էներգիայով լի չեմ, ուշադիր չեմ, մի խոսքով, լրագրող չեմ, չնայած ողջ կյանքս հենց դրանով եմ վաստակել: Եվ արտագաղթելով` ես ինձ համար ժանր մշակեցի: Քանի որ ես չգիտեի ամերիկյան կյանքը, վատ գիտեի ամերիկյան մամուլը, չէի հետևում ամերիկյան մշակույթին, ներդրեցի այնպիսի ժանր, որը Ռուսաստանում կոչվում է «Հայացք ու էլի ինչ-որ բան»: Կարճ ասած` գրում էի ամեն ինչի մասին:

Ռուսաստանում հաջողությունը միանշանակ հասկացություն է: Այն իր մեջ ներառում է գումար, փառք, հարմարավետություն, հանրաճանաչություն, մամուլում դրական արձագանքներ, կարգին մարդու վարկ, և այլն: Ամերիկայում այդպիսի հաջողություններ կարող են լինել 10-ը, 12-ը, 15-ը: Կա շուկայական հաջողություն, կա համալսարանական պրոֆեսուրայի հաջողություն, քննադատների կամ հասարակ ժողովրդի հաջողություն: Իմ դեպքն ամերիկյան իրականության մեջ կոչվում է «նկատվել է քննադատների կողմից»:

Դարեր ի վեր Ռուսաստանում ոչ թե տեխնիկան ու առևտուրն են եղել ժողովրդական գիտակցության կիզակետում, ոչ էլ նույնիսկ կրոնը, այլ հենց գրականությունը:

Ես վստահ չեմ, որ ինձ գրող եմ համարում: Ես կուզեի ինձ պատմող համարել: Դա միևնույն բանը չէ: Գրողը լուրջ խնդիրներով է զբաղված: Նա գրում է այն մասին, հանուն որի մարդիկ ապրում են այնպես, ինչպես պետք է ապրեն: Իսկ պատմողը գրում է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում:

Կան մարդիկ, ում մոտ գլխառադ արած, անորակ աշխատանքի ու անձնական արվեստի միջև տարբերությունը զգալի չէ: Իսկ ինձ մոտ, ըստ երևույթին, դրանով ուղեղի այլ բաժիններ են զբաղված: Եթե ես պատվեր եմ կատարում, ի սրտե չեմ գրում, դա ակնհայտ վատ է ստացվում:

Գրական աշխատանքով զբաղվող որևէ մեկն ինքնակամ չի հրաժարվում դրանից: Տեխնիկական մտավորականության շրջանում դասալիքները շատ են, իսկ գրողների մեջ` գրեթե չկան:

Հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ, պարզվում է, որ ինձնից ոչ Լև Տոլստոյ դուրս եկավ, ոչ Ֆոլքներ, չնայած ինչ գրում եմ՝ տպագրվում է: Եվ առաջին պլան մղվեցին ինչ-որ տարօրինակ բաներ: Պարզվեց, որ ես ընտանիք ունեմ, որ ամուսնությունը ոչ թե փաստ է, այլ գործընթաց, որ երեխաները ոչ թե կապիտալի ներդրում են և նվաստ էակներ, որոնց դու պետք է դաստիարակես` ինքդ չգիտես ով լինելով, այլ աստվածային էակներ, որոնցից դու կախում ունես, որոնք քեզ քննադատում են, և որոնց հետ դու ցանկացած գնով պետք է պահես նորմալ մարդկային հարաբերություններ: Դա ամենակարևոր բանն էր:

Հեգնանքն անպաշտպանների սիրելի և, գլխավորը՝ միակ զենքն է:

Ռուս գրողներից անվիճարկելի հաջողության հասել է միայն Իոսիֆ Բրոդսկին: Մնացածները, որպես կանոն, խաբում են: Անգամ Նաբոկովի մոտ ռուս կերպարներն իրական են, իսկ օտարները` պայմանական-դեկորատիվ: Միակ կենդանի օտարերկրացին  նրա մոտ Լոլիտան է, բայց նա էլ բնավորությամբ տիպիկ ռուս աղջիկ է:

Ես հասկացա, որ երբեք չեմ գրի Ամերիկայի մասին, չեմ անցնի անգլերենին:

Կինը 3 բան կարող է անել ռուս տղամարդու համար: Կարող է կերակրել նրան, կարող է անկեղծորեն հավատալ նրա հանճարեղությանը, և վերջապես, կարող է նրան հանգիստ թողնել: Ի դեպ, երրորդը չի բացառում 1-ին երկուսը:

Կյանքը կարճ է, մարդը` միայնակ: Հուսով եմ՝ դա բավականին տխուր բան է, որպեսզի կարողանամ շարունակել զբաղվել գրականությամբ:

Ես անձամբ գրում եմ իմ երեխաների համար, որպեսզի նրանք իմ մահից հետո այդ բոլորը կարդան և հասկանան, թե ինչ ոսկի հայր են ունեցել, և միգուցե այդ դեպքում վերջապես զղջման ուշացած արցունքները կհորդեն նրանց անամոթ ամերիկյան աչքերից:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը