Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պետրոսյանը իր վարած Isuzu 35 00 ԼIT մակնիշի 335 VV 01 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են հետաքննիչներ Հովհաննես Սարգսյանն ու Վարազդատ Բաբայանը:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ. Պետրոսյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում և վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու հավաքված ժողովորդն էլ ասում էին, որ միայն վարորդի ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ է եղել, որ նա կարողացել է կառավարել ավտոմեքենան և չի բախվել որևէ ավտոմեքենայի և վրաերթի չի ենթարկել որևէ քաղաքացու:
Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Ավան վարչական շրջանի կանաչապատման պատասխանատուները: Վերջիններս քաղաքացիների հետ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են տապալված ծառերը, որպեսզի ավտոմեքենան հեշտությամբ դուրս բերվի վթարի վայրից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: