Մունդիալ-2018․ հայացք չ’տրիբունայից. Ֆրանսիան` չեմպիոնության ճանապարհին. 1in.am
Advertisement 1000 x 90

Մունդիալ-2018․ հայացք չ’տրիբունայից. Ֆրանսիան` չեմպիոնության ճանապարհին. 1in.am

Պաշտոնական խաղերում Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները հանդիպել են հեռավոր 1986-ին` ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում: Այսօր ֆրանսիացիները դարձյալ հաղթանակ տարան` խաղի 51-րդ րոպեին պաշտպան Սամյուել Ումտիտիի խփած գոլի շնորհիվ:

Դժվար է ասել, թե հավաքականներից որն էր այսօր առաջին համարով խաղում «Սանկտ-Պետերբուրգ» մարզադաշտում: Գնդակին ավելի շատ տիրապետել են Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները` 64-36% հարաբերակցությամբ, մյուս կողմից` դարպասին ավելի շատ հարվածել են ֆրանսիացիները` 19-9 հարաբերակցությամբ:

Փաստն այն է, որ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականն է: Ուշագրավ է, որ երկու տարի առաջ Ֆրանսիայի ընտրանին նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչում էր, որտեղ նվազագույն հաշվով զիջեց Պորտուգալիայի հավաքականին:

Ֆրանսիացիները սպասում են իրենց մրցակցին, որը կորոշվի վաղը կայանալիք Անգլիա-Խորվաթիա խաղում: Ուշագրավ է, որ Խորվաթիայի հավաքականը փլեյ-օֆֆի իրենց երկու մրցակիցներին` Դանիայի և Ռուսաստանի հավաքականներին, պայքարից դուրս է թողել հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ:

Ուշագրավ է, որ Խորվաթիայի հավաքականը վաղվա պատասխանատու խաղից առաջ հայտնվել է սկանդալի կիզակետում:

ՖԻՖԱ-ն երեկ հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի տեսանյութի կապակցությամբ: Այդ տեսանյութը համացանցում է հայտնվել է հուլիսի 7-ին, այն բանից հետո, երբ Խորվաթիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածներով հաղթեց Ռուսաստանի հավաքականին և դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Տեսանյութում Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագո Վիդան բղավում է «Փառք Ուկրաինային», մինչ իր թիմակից Օգնիեն Վուկոյեվիչը շարունակում է․ «Այս հաղթանակը «Դիանմոյի» և Ուկրաինայի համար է, առաջ Խորվաթիա»:

Վիդան և Վուկոյեվիչը նախկինում միասին խաղացել են Կիևի «Դինամո» ակումբում:

Ավելի ուշ ռուսական «Սպորտ էքսպրես» թերթը հրապարակել է Վիդայի խոսքերը առ այն, որ տեսանյութը նախատեսված էր անձնական օգտագործման համար:

«Ֆուտբոլում քաղաքականություն չկա: Դա կատակ էր Կիևի «Դինամոյի» իմ ընկերների համար: Ես սիրում եմ ռուսներին և ես սիրում եմ ուկրաինացիներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել «Սպորտ էքսպրես»

Այդուհանդերձ, ՖԻՖԱ-ն կարող է պատասխանատվության ենթարկել Վիդային քաղաքական հայտարարության համար:

1in.am