«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում երեք փոփոխություն է առաջարկվում։ Այս մասին այսօր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ առաջարկված երեք փոփոխություններն էլ ունեն անձի իրավական կարգավիճակը բարելավող նպատակ։
«Առաջին փոփոխությունով առաջարկվում է, եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, ապա զինակոչման ենթակա արու զավակը ազատվի զինվորական ծառայությունից: Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է 18 տարին լրացած, բայց դպրոցը չավարտած տղաներին տալ ուսումն ավարտելու իրավունք: Եվ 19 տարին լրանալուն պես, եթե անձը սովորում է դպրոցում, բայց չի ավարտել, ենթակա է զորակոչման: Փոփոխությամբ հնարավորություն է տրվում ստանալ տարկետում՝ մինչև ուսումի ավարտը»,- մանրամասնեց Բալայանը: Երրորդ փոփոխությամբ առաջարկվում է 17 տարեկան ուսանողներին, ովքեր ընդունվել են տարկետման իրավունքով, բայց չեն ձևակերպել այն, որովհետև զորակոչային տարիքի չեն, տարկետման իրավունք ստանալ»,- ներկայացրեց փոխնախարարը։
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ իրենք նպատակ ունեն կոռուպցիոն ռիսկը նվազեցնել, այսինքն եթե աշակերտը վատ է սովորում, նրան միանգամից զորակոչում ենք բանակ. «Ավարտելու համար մեկ անգամ հնարավորություն է տրվում, դրա համար առաջարկում ենք, որ կառավարության անհատական ակտերով կատարվի և աշակերտն իրացնի իր սահմանադրական իրավունքը՝ ստանա միջնակարգ կրթություն»: