Արդեն մի քանի օր է՝ մամուլի կիզակետից չի հեռանում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ պետական պաշտոնյայի ̀ Կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի շուրջ սկանդալային հրապարակումները:
Բանն այն է, որ կարծիք կա, թե «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունն ի սկզբանե բավականին լուրջ օգնություն է ցուցաբերել թավշյա հեղափոխությանը, ինչի արդյունքում էլ այդ կրոնական կազմակերպության անդամները պաշտոններ են ստանում և սկսում միմյանց «եղբայրական» աջակցություն ցուցաբերել:
Այդպիսի դեպք բացահայտվեց երեկ, երբ հրապարակվեց, թե նույն Գևորգ Աճեմյանն իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ-ի ղեկավարներին և գրեթե սպառնալիքի տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։
Այս տեղեկությանը հաջորդեց «Աշտարակ Կաթ» ընկերության դիրքորոշումն այն մասին, որ իսկապես եղել է նման հանդիպում, որի ժամանակ քննարկվել է «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին փոխանցելու հնարավորությունը: Նշվել էր նաև, որ սպառնալիք չի եղել:
Այսինքն, Գևորգ Աճեմյանը, ով մեծ ոգևորությամբ ֆեյսբուքում կիսվել էր գրառումով և հավելել իր դիրքորոշումը, թե չէր կարող ինքը բիզնես խլել, դրել է իրեն ծիծաղելի դրության մեջ: Բանն այն է, որ Գևորգ Աճեմյանն առնվազն հաստատեց, որ փորձ է արել «Աշտարակ Կաթ»-ի բիզնեսը ինչ-որ կերպ փոխանցել իր դավանակիր եղբորը ̀ Աշոտ Ափոյանին:
Փաստորեն, Գևորգ Աճեմյանը փորձել է պետության կողմից երկու իրավաբանական անձանց միջև առաջացած վեճին միջամտել, և դա այն պարագայում, երբ առկա է հանրությանը լավ հայտնի սնանկության գործ, որի ժամանակ կայացվել են մի շարք դատական ակտեր: Այսինքն, պետությունը կամ պետական պաշտոնյան անտեսում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը և փնտրում մեխանիզմներ վեճը լուծելու համար, հաշվի չառնելով, որ այն արդեն իսկ լուծվել է դատարանի որոշմամբ: Խնդիրը կոմպետենտության և պաշտոնական դիրքը նեղ անձնական շահերի ծառայեցնելն է:
Հետաքրիր է՝ Գևորգ Աճեմյանն այլ ՍՊԸ-ների վեճերի մեջ է՞լ է խառնվում և փորձում հաշտեցնել, և ևս մի հետաքրքիր բան. այդ ինչպե՞ս է պատահել, որ Աճեմյանը հյուրեր է ընդունում և միայն հանդիպման ժամանակ է իմանում, թե ում է ընդունել և ինչ պետք է խոսի: Նրա այս արտահայտությունն ավելի խոսուն է: Այսինքն՝ Աճեմյանն իր տեղում չէ և պատկերացում չունի ընթացող պրոցեսներից: