Մեր նպատակը տեխնոլոգիական գերտերություն հիմնելն է. Վահագն Պողոսյան
Advertisement 1000 x 90

Մեր նպատակը տեխնոլոգիական գերտերություն հիմնելն է. Վահագն Պողոսյան

«Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» թեմայով հանդիպում-քննարկմանը

Այսօր մենք ունենք հայրենիք, բայց չունենք պետություն: Մեր նպատակը տեխնոլոգիական գերտերություն հիմնելն է: Խորհրդային միությունում մենք 2 տոկոս էինք բնակչության քանակով, բայց արտադրում էինք տեխնոլոգիական լուծումների 40 տոկոսը: Մեր երկիրը նախագծում էր, նախատիպը կառուցում էր, արտադրում ու ուղարկում վերջնական սպառողին: Քանդեցինք այն, ինչ ժառանգել էինք. մեր երազանքն է վերականգնել այն. և դա որպես պատվիրատու՝ մեր պատվերն է կրթական ոլորտին:

Մեր կրթության բոլոր օղակները՝ մանկապարտեզից մինչև համալսարան, բարոյալքված են: Ու դա տնտեսական վիճակից չի, քաղաքական վիճակից չի, դա աշխարհաքաղաքական դիրքից չի (ի դեպ, մեր աշխարհաքաղաքական դիրքը շատ լավն է, մենք խաչմերուկի տերն ենք, պիտի դրանից օգուտ քաղենք): Եթե մենք մանկապարտեզում ու տարրական դպրոցում երեխեքին հաշմանդամ չդարձնենք, եթե մեր կրթության ոլորտում դադարի տիրել այս համատարած արիության ու բարոյականության անկումը մենք հրաշալի արդյունքներ կունենանք. մենք դրա ներուժն ունենք:

Համալսարանից ես սպասում եմ ֆունդամենտալ հետազոտական գիտելիքներ և գիտական աշխատանք. դա կկազմի իմ ասած համակարգի 1-2 տոկոսը: Այս մասնագետները ոչ թե պետք է նախագծեն ու արտադրեն, այլ պիտի հետազոտեն նյութերը:

Նախագծելը, կառուցելը, արտադրելը սպասում ենք մասնագիտական ԲՈւՀ-երից: Այս կառույցները չպիտի լինեն այն, ինչ մենք տեսնում ենք, այլ նոր տիպի կրթություն պիտի տան:

Բայց նախևառաջ, ցանկացած դեպքում պիտի 9-րդ դասարանն ավարտած երեխան համարվի լիարժեք կրթություն ստացած, քանի որ նա պայմանագիր է կնքել պետության հետ իր կրթությունն ապահովելու համար: Հիմա եթե մեկը 9-րդ դասարանից գնում է հոր հետ հող մշակելու, դա չի նշանակում, որ իր հետ հնարավոր չի գնալ ֆիլհարմոնիկի համերգին կամ իր հետ մենակ չես կարող թողնել արտերկրից եկած մարդուն, ու ինքը չի կարող հինգ րոպե զրույց տանել մեր արվեստից, պատմությունից:

Իրականում հիմա ամեն ինչ հարամ են անում, ու ես ուղղակի մի բան եմ խնդրում՝ գոնե մաթեմատիկային ու մայրենիին ձեռք մի տվեք: Քիմիայի դասին գրատախտակին մոլեկուլի կառուցվածքը 3D նկարեք ու ուրախացեք, ուրիշ ինչ կուզեք՝ արեք: Բայց մեր երկրի ապագան կախված է նրանից, թե մեր երեխան ինչքան լավ կիմանա մաթեմատիկա:

Խոսվում է գումարի անբավարարության մասին. իրականում այստեղ էլ չօգտագործված ներուժ կա: Պետությունը կարող է, օրինակ, դպրոցի վերանորոգման աշխատաքներում ներգրավի իր ավագ աշակերտներին. ծախսը կլինի սինէներգետիկ՝ մի մասը կտա պետությունը, մի մասի փոխարեն կաշխատեն երեխաները. ասենք, կփոխեն դպրոցի խողովակները ու միաժամանակ ահագին բան կսովորեն: Կամ հողային աշխատանքներ կկատարեն ու կենսաբանություն կսովորեն՝ գործնական պարապմունքով, ինչը հաստատ ավելի հետաքրքիր կլինի, քան այն, ինչ հիմա արվում է դասերին: Այդպիսի բաներ կազմակերպել է պետք: Ես ակնկալում եմ, որ մեր հիմնական դպրոցը պիտի հիմնական կրթությունը տա: