Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԻ ՔԻՉ ՄՇԱԿՈՒՅԹ…
Ախր մշակույթ ասածը՝ գրականություն, կինո, թատրոն,երգ ու պարը չի միայն: Մշակույթ ասածը թանգարանային նմուշը չի միայն, այն կենդանի է, ամենուր է ու ամեն օր արթուն պետք է լինի: Մշակույթը՝ դա ցանկացած ասպարեզի անընդահատականությունն է, որը միշտ մշակված պետք է լինի: Կարծում եմ, ամեն նախարարություն և կազմակերպչական որևիցե կառույց ու կրթական օջախ իր մշակույթի բաժինը պետք է ունենա, անգամ բանակն ու կրկեսը պետք է մշակի իր անելիքը:))
Տասնամյակներ շարունակ սովետական հասարակությունը հրամանների տակ ձևավորեց նոր սովետական մի անհասկանալի ու իրարամերժ մշակույթ, որի առանցքը կոմունիստական գաղափարախոսությունն էր և այն չէր կարող լինել զուտ ազգային ու համամարդկային: Չնայած այդ փակ ու աշխարհից կտրված ռեժիմին՝ շատ ստեղծագործողներ ու գիտնականներ աչքի էին ընկնում հենց այն դեպքերում, երբ գործը դառնում էր համամարդկային ու դուրս էր գալիս սովետական գաղութի սահմաններից: Սովետական հասարակության մշակույթը այդպես էլ մնաց օտարի գաղափարախոսությունը կրող և օտարի կողմից կարգադրվող:
Բայց չէ՞ որ մշակույթը ձևավորվում է դարերով և սերնդե սերունդ, այն առօրյա կյանքի դրսևորումն է, որից էլ ծնվում են մշակութային բարձր արժեք կրող գլուխգործոցները, որոնք էլ դառնում են ազգային ու համամարդկային: Ցանկացած ժողովրդի մշակույթ իր մեջ կրում է ժառանգելու և պահպանելու կարևորությունը՝ դա անընդահատականությունն է, այն գալիս է դարերի խորքից ու չի ընդհատվում, այն փոխանցվում և հարստանում է փորձի ու նախասիրությունների պահպանման ու մեկը մյուսին փոխանցելու միջոցով:
Մենք շատ վաղուց կորցրել ենք մեր մշակութային կարևոր հատկանիշները: Մենք տարիներ շարունակ կտրտել ու կտրել ենք մեզ հասած մշակութային այն թելերը, որոնց միջոցով ամեն բան պետք է հավաքվեր, կազմակերպվեր, ու ընդուներ՝ ազգային, հասարակական, քաղաքային, գյուղական, կրթական, գիտական ու կառավարման մշակված ձև, որին էլ կկարողանաինք ասել ազգային մշակույթ:
Մեզ ամեն անգամ մի էլեկտրական լույսի աղբյուր են ցույց տալիս ու մենք գլուխներս կորցրած վազում ենք դրա հետևից ու գոռում՝ ահա մեր արևը սա է:
Ասես, ամեն անգամ մոռանում ենք, որ մեր իսկական արևն ամեն օր դուրս է գալիս հատուկ մեզ ջերմացնելու և լուսավորելու համար: Իսկ հիմա պատկերացրեք, որ արևը մեզ ջերմացներ կտրտվող հաճախականությամբ, այնպես, ինչպես մեր մշակույթը՝ փչացած էլեկտրական լամպի նման, մենք էլ ամեն անգամ լամպ փոխեինք:
Այո՝ մեր մշակույթը այսօր այդ փչացած լամպի նման է ու չի ջերմացնում: Կարծում եմ՝ ժամանակն է հայացքներս ուղղենք դեպի Արևն ու հավերժը, որպեսզի չկորցնենք մեր անընդհականությունը մշակման գործում»: