«Սանիթեքը» ընկերությունը հույս ունի լրացնել բաց թողածը և հնարավորինս արագ լուծել Երևանում տիրող հակասանիտարական վիճակի հարցը։ Ավագանու անդամը ամեն ինչում մեղադրում է հանրապետականներին։
«Սանիթեք» ընկերությունը, որը Երևանի մաքրության և աղբահանության պատասխանատուն է, հույս ունի մինչև շաբաթվա վերջ լուծել փողոցներում կուտակված աղբի հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր գործադիր տնօրենի օգնական Քրիստինա Հովհաննիսյանը։
Արդեն մի քանի օր Երևանում պատշաճ կերպով չի իրականացվել աղբահանություն։ Որոշ վարչական շրջաններում ոչ միայն աղբամանները լիքն են, այլև դրանց կողքին կուտակվել են աղբի սարեր։ Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությունից հետո իրավիճակը չի փոխվել։
Սակայն, մեր զրուցակցի խոսքով, հիմա իրավիճակը քիչ-քիչ կարգավորվում է, աշխատակիցներն աշխատում են հակաճգնաժամային ծրագրի շրջանակում և փորձում հնարավորինս արագ հաղթահարել մայրաքաղաքի փողոցներում տիրող հակասանիտարական վիճակը։ Միաժամանակ, Հովհաննիսյանը նշեց, որ աղբահանության խնդիրը կապված չէ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի կամ ընկերությունից զանգվածային հեռացումների հետ, ինչպես նշում են որոշ ֆեսյբուքյան օգտատերեր։ Նրա խոսքով` խնդիրները տեխնիկական են, աղբահավաք մեքենաները փչացել են, և ընկերությունը հետ է մնացել ժամանակացույցից։
«Հիմա փորձում ենք լրացնել բաց թողածը։ Մեզ օգնում են վարչական շրջանների ղեկավարները»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am