Գյումրիում, այսուհետեւ յուրաքանչյուր ուրբաթ բոլոր ցանկացողները կսովորեն հայ ավանդական ու ազգագրական պարեր:
Այս մասին գյումրեցիներին տեղեկացրեց «Կարին» համույթի ղեկավար, ազգային պարերի բանահավաք և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Գագիկ Գինոսյանը:
Հայկական ավանդական պարերի՝ այս տարվա առաջին բացօթյա ուսուցումն անցկացվեց հուլիսի 19-ին՝ «Գյումրի կոմերցիոն կենտրոն»-ի տարածքում: Նախաձեռնությանը միացածների թիվն արդեն խոսում էր Գյումրիում ազգային պարերի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին:
Գագիկ Գինոսյանը մինչ պարելը, ներկայացրեց պատմական ակնարկ, ավանդական պարերի նշանակությունն ու մեկնաբանությունը: «Կարին» համույթին միացել էին նաև Գյումրու «Հրայրք» ավանդական պարի և այլ համույթներ: Նախաձեռնությունն անտարբեր չէր թողել ինչպես գյումրեցիներին, այնպես էլ Գյումրի այցելած հյուրերին:
Պարողներին էր միացել նաև Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը:
«Նմանատիպ նախաձեռնությունները ազգային ինքնագիտակցության բարձրացման ու ազգային դիմագիծը պահպանելու ամենակարևոր դրսևորումներից են»,- իր խոսքում նշեց Գագիկ Գինոսյանը՝ ուրախությամբ փաստելով, որ Գյումրիում շատ երիտասարդներ են այսօր կարողանում ազգայինը ներկայացնել պարի միջոցով:
Անցած 3 տարիների ընթացքում Գյումրիում Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Սբ. Աստվածածին «Յոթ Վերք» երիտասարդական միության նախաձեռնությամբ բոլոր ցանկացողները ամռան ընթացքում ամեն շաբաթ հայ ավանդական ու ազգագրական պարեր էին սովորում: