Lifehacker.ru-ն ներկայացրել է բլոգեր և լրագրող Կորի Սայմոնի պատմությունը, ով պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը սմարթֆոններից ու սոցցանցերից հրաժարվելուց հետո:
«Ես սմարթֆոն ստացա, երբ 13 տարեկան էի, հիմա 17.5 տարեկան եմ և վստահաբար կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերում օրական առնվազն երեք ժամ եմ անցկացրել: Արդյունքը` 4.5 տարում ես կորցրել եմ 4 927 ժամ: Եթե միջինում մարդը 5 ժամում կարդում է 250 էջ, ապա այս ընթացքում ես կկարողանայի կարդալ մոտ հազար գիրք:
Ժամանակակից դեռահասների համար սոցիալական ցանցերը կյանքի անբաժան մասն են: Իմ հասակակիցները շարունակում են ժամեր անցկացնել սոցցանցերում` Facebook, Instagram, Snapchat: Եթե դուք չունեք պրոֆիլներ սոցիալական ցանցերում, ապա դուք դառնում եք օտար: Դուք անհաջողակ եք: Հնչում է դաժան, բայց, ցավոք, դա ճշմարտությունն է:
7 փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում սոցիալական ցանցերից հրաժարվելուց հետո
- Ես զարմանալիորեն շատ քիչ կախվածություն ունեմ ուրիշների կարծիքից
Ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ են մտածում ուրիշները: Նախկինում ես հաճախ էի հարց տալիս ինքս ինձ՝ ասե՞լ այն, ինչ ես իսկապես մտածում եմ, թե ՞ հարմարվել մեծամասնության կարծիքին: Ես դրա համար միանշանակ պատասխան գտա:
- Ես ունեմ շատ ազատ ժամանակ
Նախկինում ես միշտ փորձում էի որոշակի ազատ ժամանակ գտնել, բայց հիմա ունեմ այդ ժամանակը, այն էլ՝ մեծ քանակությամբ: Իմ հեռախոսը շեղում էր ինձ, հաճախ ուշանում էի այն պատճառով, որ թվում էր, թե ժամանակ չունեմ: Այժմ ես նորմալ ղեկավարում եմ իմ ժամանակը և հասցնում եմ լինել ամենուր:
- Ես արդեն մյուսներից վատը չեմ
Մենք հաճախ համեմատում ենք մեր ամենօրյա կյանքն ուրիշների կյանքի իդեալական պատկերների հետ: Ես հիշում եմ, թե ինչպես էի թերթում ֆեյսբուքյան էջս և նախանձում էի՝ ասելով, որ մյուսներն ավելի հաջողակ են, ես էլ եմ ուզում այդպես:
Ես այլևս այդպես չեմ կարծում: Երկրի վրա այդպիսի մարդ չկա, ում փոխարեն կուզեի լինել ես: Ես սիրեցի ինձ և իմ ապագան:
- Ես, ինչպես երբեք, երջանիկ, մոտիվացված և լավ վիճակում եմ
Երբ ես օգտվում էի սոցիալական ցանցերից, ես ճնշված էի, ծույլ ու լավ տեսք չունեի: Հիմա ամեն օր ես գնում եմ մարզադահլիճ: Երեք ամսվա ընթացքում ես կորցրել եմ իմ քաշի գրեթե հինգերորդ մասը:
- Հասկացա՝ ովքեր են իմ իրական ընկերները
Հեշտ է ունենալ շատ ընկերներ, երբ շփվել կարելի է այն ժամանակ, երբ ձեզ հարմար է: Իմ ընկերների 80 տոկոսը պարզապես անհետացան սոցիալական ցանցերից հրաժարվելուց հետո: Հաճելի է հասկանալ, որ հիմա ես միայն շփվում եմ նրանց հետ, ովքեր իսկապես սիրում են ինձ: Այս մարդիկ ոգեշնչում են ինձ, կարող են ինձ նոր բան սովորեցնել:
- Ես սովորել եմ ուրախանալ մանրուքներից
Ես սկսել եմ ավելի շատ գնահատել այն ամենը, ինչ մարդիկ անում էին ինձ համար: Իմ մայրիկը լավագույնն է աշխարհում, սակայն առաջ ես չէի գնահատում նրան այնպես, ինչպես նա իսկապես արժանի է:
- Ես այլևս չեմ կտրվում իրականությունից
Երբ ես սոցիալական ցանցերում էի, ես կտրված էի իրական կյանքից: Խոսքը միայն ժամանակ կորցնելու մասին չէ: Պետք է ամեն ինչում իմանալ ճիշտ չափը: Երբ լքեցի սոցցանցերը, ես հասկացա, որ դա իմ կյանքի լավագույն որոշումն էր: Հիմա ես ճիշտ եմ սնվում, շատ ժամանակ եմ տրամադրում սպորտին, շատ եմ կարդում: Կյանքը նոր գույներ է ստացել»:
Սիրարփի Աղաբաբյան