Հայտնի բլոգեր Nas Daily-ն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, զրուցեց կենտրոնի ուսանողների հետ, պատասխանեց նրանց հարցերին։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն այցի ընթացքում ընկերակցեց բլոգերին և համառոտ պատմեց կենտրոնի ստեղծման, գործունեության ու մասնաճյուղերի մասին։
Բլոգերն ամեն օր Հայաստանի մասին պատմող 1 րոպեանոց տեսանյութեր է հրապարակում՝ պատմելով հայկական ցայտաղբյուրների, շախմատի և այլ հետաքրքրաշարժ երևույթների մասին։ Նա «Թումո»-ի սաներին պատմեց իր՝ Հայաստան գալու պատմությունը։
«Երբ ես Երուսաղեմում էի, անընդհատ լսում էի, որ այն, կարծես թե, բաժանված է երեք ժողովուրդների միջև՝ հայերի, հրեաների և մուսուլմանների։ Երբ Թուրքիայում էի գտնվում, իմացա, որ Հայաստանը հարևան երկիր է և որոշեցի գալ»,- ասաց նա։
Բլոգերը նշեց, որ տեսահոլովակներ է պատրաստում այն երկրների մասին, որոնք իսկապես դուր են գալիս իրեն։
Nas Daily-ն հակիրճ ներկայացրեց իրեն և հորդորեց խնայել ժամանակը ու գնալ այն բանի հետևից, որն իսկապես ուզում ես։
«Սահմանեք ձեզ համար նպատակներ ու հասեք դրանց, ձեր կյանքը ձեր իսկ ձեռքերում է։ Ապրեք այն, որքան հնարավոր է։ Ես փնտրում եմ հետաքրքիրը, եթե գտնում եմ այն, ինձ այլևս չի հետաքրքրում, թե այդ երկրում ինչ վատ բաներ կան։ Ամեն տեղ ինչ-որ բան լավ չէ»,- ընդգծեց բլոգերը։
Այն հարցին, թե ինչ է տանելու իր հետ Հայաստանից, բլոգերը պատասխանեց․
«Ես չեմ ուզում գնալ ու հուսով եմ, որ Հայաստանը մի օր Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու»։
Այնուհետև Nas Daily-ն և «Թումո»-ի սաներն ամփոփեցին հանդիպումը բլոգերի տեսահոլովակներում ավանդույթ դարձած «That’s 1 minute, see you tomorrow!»-ով։