Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի այցելությունը արդեն իսկ պառակտել է Լոս-Անջելոսի հայությանը։ Անհասկանալի պատճառներով, նրա հրապարակային հանդիպման կազմակերպումը վստահվել է հայ հեղափոխական դաշնակցությանը, նրան հարող և ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպությունների ու միությունների։
Շատ զարմանալի է, որ նկատի չեն առնվել ավանդական մյուս կուսակցությունները, ՀԲԸՄ-ն, Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպությունը և բոլոր այն միավորներն ու անկախ հասարակական միությունները, որոնք ամենօրյա պայքարով ու ցույցերով սատարեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական հեղափոխությունը։
Այս կոպիտ բացթողումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել համայնքում և շատերը զարմացած են այս անթուլատրելի արարքից։
Ինչպե՞ս կարելի է Սփյուռքի նախարարի առաջին այցելությանը տալ այսպիսի հատվածական բնույթ, վիրավորելով և անտեսելով մնացած կազմակերպություններին և նման պառակտում մտցնել այս հայաշատ համայնքից ներս։
Խստորեն դատապարտելի այս արարքը պետք է լուսաբանվի և գնահատական ու բացատրություն տրվի մամուլում, Հայաստանի կառավարությունում, Սփյուռքի նախարարությունում և հնարավորինս արագ լուծում տրվի նման անթուլատրելի ձեռնարկներին։
Հայաստանի Հանրապետությունը համայն հայության պաշտելի օրրանն է, և նման ուղղորդումները պետք է դադարեցվեն ու դատապարտվեն պետական մակարդակով։
Համաժողովրդական հեղափոխությանը սատարող կազմակերպություններ և միավորներ
Լոս–Անջելոս