«Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոն. eunewsletter.am
Advertisement 1000 x 90

«Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոն. eunewsletter.am

Հուլիսի 14-ին Ուրցաձորի (Արարատի մարզ) բնակիչների տները վերածվել էին փոքրիկ հյուրընկալ ճաշասրահների ու սրճարանների, քանի որ համայնքը հյուրընկալել էր «Հաց ու կաց» գյուղական զբոսաշրջության փառատոնը։ Փառատոնի նպատակն էր զարգացնել գյուղական զբոսաշրջությունը, համայնքների տնտեսությունները և գյուղաբնակների համար ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուրներ: Փառատոնի մասնակիցների համար էկոտուրիզմը բացահայտելու մի շարք հնարավորություններ էին ստեղծված՝ գյուղական սննդի տոնավաճառ, այցելություն գյուղացիների տներ, բերքահավաք, լավաշի պատրաստում թոնրում, օղու թորում, ձիավարություն, պիկնիկ, սլեքլայն, խաղեր գյուղի երեխաների հետ, կավագործության և խաչքարագործության աշխատարան, բացօթյա համերգ, վրանային ճամբար, յոգա և քայլարշավ:

Փառատոնը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում: Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) 2016 թվականի փետրվարից ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ: Ուրցաձոր համայնքային փունջը ներառում է Արարատի մարզի Ուրցաձոր, Լանջանիստ և Շաղափ համայնքները. ծրագիրն ունի շահառուներ նաև Լուսաշող համայնքում։ Ծրագրի բյուջեն 563,000 եվրո է, որից 500,000 եվրոն հատկացնում է ԵՄ-ն, 42,000 եվրոն՝ FPWC-ն: Չորս համայնքները համատեղ հավաքել են ևս 21,000 եվրո: Ծրագրի նպատակն է համայնքային փնջում երկարաժամկետ տնտեսական աճ գրանցել՝ խրախուսելով տեղական բիզնես ծրագրերը: Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ մասնակցեց փառատոնի բացման արարողությանը:

Ամբողջությամբ՝ eunewsletter.am