Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը նորմայի սահմաններում է. բնապահպանության նախարար
Advertisement 1000 x 90

Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը նորմայի սահմաններում է. բնապահպանության նախարար

ՀՀ բնապահպանության նախարարության նախնական ուսումնասիրություններով՝ Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը նորմայի սահմաններում է: Լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ առողջապահության նախարարության բարձրացրած խնդիրը՝ Սևանա լճում ջրիմուռների տարածման հետ, դիտարկվում է ոչ միայն մեր քաղցրահամ պաշարում, այլև այլ ջրային ավազաններում, մասնավորապես, Եվրոպայում գտնվող: «Մի քանի գործոններ են, որ գումարվել են իրար. նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ: Բնապահպանական հիմնական լայնածավալ ուսումնասիրությունները կիրականացնենք այս ամսվա վերջ, բայց մինչ այս՝ նախնական հետազոտությամբ՝ ազոտի ու ֆոսֆորի չափը նորմայի մեջ է»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է, որ լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում:

Առողջապահության նախարարությունը հուլիսի 25-ին հաղորդագրություն է տարածել, որով, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: