Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, չնայած ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից, բայց արդեն հասցրել են հարվածել ինչպես ռուսական արժույթին, այնպես էլ ռուսական խոշոր ընկերությունների բաժնետոմսերի գնանշումներին: Այսպես, հուլիսին ԱՄՆ դոլարի փոխարժեքը 62-63 ռուբլի էր կազմում, իսկ արդեն օգոստոսի 13-ին հասել է 68.27 ռուբլու: Պատժամիջոցների մասին հայտարարությանը հաջորդեց «Աերոֆլոտ» ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսով արժեզրկումը: Քանի որ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսվում է ուղղել հատկապես ռուսական բանկերի դեմ, այդ լուրի ֆոնին արդեն իսկ 7.5%-ով էժանացել են «ՎՏԲ բանկի» և գրեթե 6%-ով «Սբերբանկի» արժեթղթերը:
Իրադարձությունների խաչմերուկում գտնվող Հայաստանին դեռևս հաջողվում է պահպանել հայկական դրամի կայունությունը, ինչը Հայաստանի ֆինանսական շուկաների և տնտեսության զարգացման, հատկապես՝ ներդրումային միջավայրի գրավչության համար շատ կարևոր է: Իհարկե, անհրաժեշտ է նաև հստակ հաշվի առնել և արձանագրել, որ ռուսական տնտեսության ցնցումները ուղղակի անդադարձ կարող են ունենալ, օրինակ, դեպի Հայաստանի դրամական փոխանցումների, ինչպես նաև՝ դեպի Հայաստան ուղղվող ներդրումների վրա:
Մյուս կողմից Ռուսաստանում, Իրանում և Թուրքիայում նկատվող ազգային արժույթների արժեզրկման միտումները կարող են ազդել այդ երկրներից ներկրվող ապրանքների ծավալների վրա՝ բերելով ներմուծման զգալի մեծացման: Սա իր հերթին կարող է հարվածել հայկական արտադրողին, քանի որ էժան գնի հաշվին կմեծանա նշված երկրներից ներմուծվող արտադրանքի մրցունակությունը:
Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում արտաքին շուկաներին կապող վրացական ուղին Հայաստանի համար կրկին կարող է դառնալ միակը: Մինչդեռ, Իրանը «մրցակցային ոգի» էր ձևավորում՝ հնարավորություն ստեղծելով ապահովել ավելի էժան տրանսպորտային այլընտրանքներ: Այս ամենն այն ռիսկերն են, որոնք վերջնական հաշվով կարող են ազդել տարածաշրջանում դեռևս միակ կայուն արժույթի՝ ՀՀ դրամի վրա:
Ամբողջությամբ՝ Արմենպրես