Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Այս մասին օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով կառավարության 2018թ.-ի օգոստոսի 16-ի «Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» որոշումը, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օր է հրապարակվել սեպտեմբերի 23-ը»,- նշեց Սմբատյանը։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 10-21-ը։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, իսկ ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին։
Լրագրողների դիտարկմանը, թե կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ արդյոք ԿԸՀ-ն պատրա՞ստ է բարձր մակարդակով ընտրություններ անցկացնել, հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ միշտ են պատրաստ։
Հանձնաժողովի նիստում հայտարարվեց, որ ավագանու ընտրությունների՝ 5 քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերն ընտրական հանձնաժողովն ընդունելու է մինչև օգոստոսի 29-ը։