ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ Չեն Ֆանին և Զոլտան Հրացկուն գյուղնախարարությունում ներկայացրել են «Կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը` ամբողջությամբ վերլուծելով կաթի արտադրությանը նպաստող կերային ռեսուրսները և ուսումնասիրելով տարբեր տեսակի կաթնամթերքի պահանջարկը, մշակել ռազմավարություն կաթնամթերքի արժեքային շղթայի կերային արտադրության և վերամշակման ոլորտների բարելավման նպատակով։
Արթուր Խաչատրյանը ընդգծել է, որ անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ոլորտներից է, հետևաբար հետաքրքրված է կերային բազայի ավելացմամբ։
Ուսումնասիրվող խնդիրների լուծումը ոչ միայն կբարելավի գյուղական տնտեսությունների եկամուտները, այլև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կապահովի բարձրորակ և մատչելի կաթնամթերքի առկայությունը հայ սպառողների համար: