Հոութոնի գրադարանում (Houghton Library), որը համաշխարհային մասշտաբի ամերիկյան առաջատար բուհի` Հարվարդի համալսարանի գլխավոր պահոցն է և ծառայում է որպես հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի արխիվ, բացառիկ ցուցահանդես է բացվել, որն անդրադառնում է նաև 1894-1986 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի կոտորածին` Համիդյան ջարդերին։ Այդ իրադարձությանը վերաբերող հոդված է գրել Harvard Gazette հեղինակավոր պարբերականը։
Նշենք, որ 1894-1896 թվականների Համիդյան ջարդերը (կամ աբդուլհամիդյան ջարդերը) Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության (ներկայիս Թուրքիա) այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածն է։ Այն կազմակերպել էր սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի կառավարությունը. նպատակը մեկն էր` ճնշել հայերի ազգային-ազատագրական շարժումն ու վերացնել Հայկական հարցը։ Տարբեր գնահատականների համաձայն` ջարդերի զոհ դարձան 50-300 հազար հայ, հազարավոր հայերի բռնի ուժով ստիպեցին իսլամ ընդունել, հազարավոր հայեր լքեցին հայրենիքն ու ցրվեցին տարբեր երկրներով մեկ։ Ներկա պահին այդ հանցագործությունների համալիր հետազոտություն չկա։
Հենց այդ իրադարձություններին է նվիրված Հոութոնի գրադարանում կազմակերպած բացառիկ ցուցահանդեսը։ «Հարվարդի թերթի» հոդվածը սկսվում է ցուցանմուշների խոսուն նկարագրությունից. «Հայաստանում զանգվածային սպանությունների ժամանակ փամփուշտով խոցված գիրքը։ Լև Տրոցկու դեմքը։ Այլևս գոյություն չունեցող երկրների վիզաները։ «Passport: Lives in Transit» ցուցահանդեսում դրանք լուսանկարների և այլ փաստաթղթերի հետ մեկտեղ լույս են սփռում նրանց տերերի կյանքի վրա»։
«Անձնագրերը վկայում են տան սահմաններից այն կողմ տուն գտնելու երազանքի ու երբեք չվերադառնալու վախի մասին», — ասել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների և գրականության ամբիոնի գիտաշխատող Լուկաս Մերթեխիքյանը։
Գիտնականը նշել է, որ և՛ Հարվարդի համալսարանը, և՛ Միացյալ Նահանգները` որպես պետություն, վերջին երկու հարյուրամյակի ընթացքում ապաստան փնտրող մարդկանց օգնելու հին ավանդույթ ունեն։
«Այսօր, երբ այդ մարդասիրական առաքելությունը իսկապես կարևոր է, Հարվարդի համալսարանը ծառայում է որպես պահոց, որտեղ կարելի է հետևել նրանց պատմությանը, ովքեր վերադարձել են տուն, և հիշեցնել մեզ նրանց մասին, ում համար ամբողջ աշխարհն այդքան թշնամական է թվում», — ասել է գիտնականը։
Մերթեխիքյանը ցուցահանդեսը նախաձեռնել է համադասարանցու` Ռոդրիգո դել Ռիոյի հետ։ Նախագծի իրականացումը սկսվել է 2016 թվականի վերջին։ Միգրացիոն ճգնաժամը, Brexit-ը, փախստականների նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության խստացումը, DACA-ն (մանուկ հասակում ԱՄՆ բերած ապօրինի երիտասարդ գաղթականներին արտաքսումից պաշտպանող ծրագիր) փոխելու փորձերը, ինչպես նաև այդ թեմային նվիրված այլ սեմինարները ստիպել են նրանց մտածել այն մասին, թե ինչպես կարելի է արձագանքել անհետաձգելի գլոբալ իրադարձություններին։
Հարվարդի գրադարանի արխիվներն ուսումնասիրելուց հետո նրանք առաջարկել են ցուցահանդես անցկացնել։ Հոութոնի գրադարանի գիտական և հանրային ծրագրերի տնօրեն Աննա Մարի Էզեն և դիզայներ Հայդեզ Քասելասը օգնել են կյանքի կոչել այդ գաղափարը։
Ցուցահանդեսի կազմակերպիչները ԱՄՆ են մեկնել տարբեր երկրներից։ Մերթեխիքյանը` Արգենտինայից, ուր նրա տատն ու պապը տեղափոխվել են Հայոց ցեղասպանությունից հետո։ Դել Ռիոն ծնունդով Չիլիից է, և նա շատ է շրջագայում ամբողջ Լատինական Ամերիկայով։ Էզեի երակներում բրիտանական, նիգերիական և յամայական արյուն է հոսում։
Նախագծի աշխատանքները նոր թափ են ստացել, երբ Ռոդրիգո դել Ռիոն ուսումնասիրել է XIX դարի հայտնի ամերիկյան գործարար Ջորջ Թրեյնի անձնագիրը։ «Նա հիմնականում կարող էր ճանապարհորդել այն վայրերով, որտեղ կցանկանար», — ասել է դել Ռիոն։
Նրանից խիստ տարբերվում է ռուս հեղափոխական Տրոցկին, որը մշտապես փախչում էր իր քաղաքական թշնամիներից։ 1928 թվականին Լև Տրոցկին և նրա կինը փախել էին Ռուսաստանից։ Նրանց երկար ճանապարհորդությունն ավարտվել էր Մեքսիկայում, որտեղ Տրոցկին մահացել էր 1940 թվականին։
«Ամբողջ աշխարհը համընդհանուր տան վերածելու կոսմոպոլիտական ցանկությունը երազանք է, որը կարող են խմել միայն հազվագյուտ մարդիկ», — ասել է դել Ռիոն։
Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես վերջին երկու հարյուրամյակների ճանապարհորդ միգրանտների, ներգաղթյալների և փախստականների նյութերը, այնպես էլ մի քանի գրադարանների արխիվների հավաքածուները, այդ թվում` Հարվարդի համալսարանի։ Որոշ ցուցանմուշները ձեռք են բերել կոմերցիոն կայքերից, որոնք կապված են անանուն հաճախորդների հետ, սակայն միևնույն ժամանակ հստակ փաստաթղթեր ունեն։ Մի շարք ցուցանմուշներ ազգային խորհրդանիշների և մաքսային ծառայության աշխատակիցների ստորագրությունների ֆոնին արված անձնական պատմություններ են ներկայացնում։
«Անձնագրերի ցուցահանդեսը Հոութոնի գրադարանի առաքելության համար սկզբունքային հարց է, այն ցուցադրում է, թե արխիվային նյութերն ինչպես կարող են տեղեկացնել և օգնել մեզ հասկանալու ժամանակակից մարդու վիճակը», — ասել է գրադարանավար Թոմաս Գիրին։
Ժամկետանց փաստաթղթերը իրավաբանական նշանակություն չունեն և արվեստի ու հիշարժան օբյեկտների առարկա են հանդիսանում։ Սակայն սա ցուցանմուշների միայն մի մասն է։ «Անձնագրերում» ներկայացված են նաև Մերթեխիքյանի և դել Ռիոյի ընկերոջ` Անտոնիո Օթեյ Հերնանդեսի նյութերը։ Կոստա Ռիկայում ծնված և հունա-չիլիական ծագում ունեցող Հերնանդեսն այդ գործը ստանձնել է մոր պատվին, որը մահացել է 2017 թվականին։
«Մայրս Կոստա Ռիկայի գաղթյալներից էր, սակայն ավելին էր, քան սահմանում էր նրա «մշտական բնակության» կարգավիճակը, ավելին, քան այն հիվանդությունը, որը նրան խլեց ինձանից», — ասել է Հերնանդեսը։
«Անձնագրեր. տարանցման մեջ գտնվող կյանքը» ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 18-ը, մուտքն ազատ է։