-Պարոն Շարաֆյան, Հայաստանի կառավարության 100 օրվա կապակցությամբ Երևանում մեծ հանրահավաք է սպասվում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում կառավարության 100 օրը։
-Նախ՝ կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը պետք է 100 օրվա առթիվ կարողանան հաշվետվություն ներկայացնել հասարակությանը և նշել, թե ինչ է արվել այդ 100 օրվա ընթացքում։ Ես կարծում եմ, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ բան է արել։ Անկեղծ ասած, չէի սպասում, որ հնարավոր է այդքան բան անել 100 օրվա ընթացքում։ Ճիշտն ասած, կադրային քաղաքականության վերաբերյալ մի փոքր մտահոգություն ունեմ։ Վարչապետը նշանակել է փոխվարչապետներ, որոնք ես չգիտեմ՝ ովքեր են, որքանով կարող են օգտակար լինել։ Ես միայն մի բան գիտեմ, որ Փաշինյանը մենակ է, և դա է սարսափելին։ Նա ունի համախոհներ, բայց նրանք չունեն այն ուժը, որ կարողանան ինչ-որ բան անել։ Այսինքն՝ Փաշինյանն ինչ անում է, մենակ է անում։ Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա այն տեղի կունենա, և, իմ համոզմամբ, շատ մարդ կլինի. մարդիկ սպասում են դրան և երևի թե հարցեր ունեն տալու Փաշինյանին։ Շատ նորմալ, խաղաղ հանրահավաք կլինի։
-Խոսեցիք կադրային քաղաքականությունից, իսկ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Հայկ Մարությանն է։
-Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ ես չէի ցանկանա կորցնել Հայկ դերասանին։ Մենք ձեռք կբերենք ոչ այնքան լավ քաղաքապետ Հայկ Մարության և կկորցնենք շատ լավ դերասան։ Եթե ես հանդիպեմ նրան, կասեմ նույն բանը։ Ափսոս է, որ Հայկի պես դերասանը կորի-գնա, իսկ հաստատ կկորի, որովհետև հնարավոր չէ համատեղել դերասանությունն ու քաղաքապետի պաշտոնը։
-Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Մարությանի թեկնածությանը, նշել էր, որ վերջին տարիներին նա լավ պրոդյուսեր, լավ մենեջեր է եղել և կկարողանա քաղաքի հարցերին լուծումներ տալ, և մենք կբացահայտենք քաղաքական գործիչ Հայկ Մարությանին։ Դուք կարծում եք, որ նման բացահայտում կլինի՞։
-Ես չգիտեմ.նա լավ պրոդյուսեր է եղել իր մասնագիտության մեջ։ Նա շատ լավ է տիրապետում դերասանի վարպետությանը, իր սցենարներին, իր ֆիլմերին, իր շոուներին։ Բայց որքանով դա կարող է պիտանի լինել քաղաքին, ես դա չգիտեմ։ Ես շատ եմ ափսոսում, որ նման դերասան ենք կորցնելու։ Գուցե ես մի քիչ եսասիրաբար եմ նայում այդ հարցին, որովհետև մենք չունենք երկրորդ Հայկ Մարության։ Եթե երկրորդը լիներ, մեկին կարող էինք «զոհաբերել», բայց նման որակի դերասան մենք չունենք։ Նա դեռ երիտասարդ է, դեռ աճելու տեղ ունի, ավելի շատ ասելիք ունի արվեստում, քան քաղաքապետի պաշտոնում։
-Դուք նշեցիք, որ այս 100 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ բան է արել։ Ո՞ր քայլը կառանձնացնեիք։
-Ես չէի մտածում, որ Մանվելի պես մեկին կարելի է տեղից շարժել, Ռոբերտ Քոչարյանին, Սաշիկ Սարգսյանին տեղահան անել, որոշ մարդկանց նյարդայնացնել, որոշ մարդիկ էլ սպասողական վիճակում են, որ հերթն իրենց էլ կհասնի։ Այդ առումով, շատ ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը, և ես նրան չեմ նախանձում։ Նա ինքն էլ չէր սպասում, որ կընկնի այդ վիճակի մեջ, որ կծիկը կսկսի քանդել, ու վերջը չի երևում։ Այդ վերջը կարող է տարիներ տևել, իսկ Հայաստանն ունի նաև այլ խնդիրներ։ Շատ կարևոր է, որ չընկնի մի բանի հետևից, մյուսը մոռանա կամ անտեսի։ Շատ բարդ իրավիճակ է, ու Փաշինյանը շատ է մեղքս գալիս։ Ամեն օր բերում, նոր գործեր են ներկայացնում, գիշեր-ցերեկ չունի, ու ծերն էլ չի երևում։
Մյուս կողմից՝ Մարտի 1-ը բարդել միայն Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց այստեղ Լևոն Տեր-Պետրոսյան կա, որը Մարտի 1-ի կարկառուն ներկայացուցիչն է։ Եթե նա ժողովրդին դուրս չբերեր փողոց, եթե չհրահրեր ժողովրդին պետության դեմ, ժողովրդին չկատաղեցներ… Ինքն էլ թողեց-գնաց տուն, և ժողովուրդը դարձավ անկառավարելի։ Ո՞վ է մեղավոր. Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կանչեք, քննեք նրան։ Մարդ այդքա՞ն էլ չսիրի Հայաստանը, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա պետք է դատվի, ու ես դա պետք է տեսնեմ, որովհետև իր վրա է նաև իմ ծնողների մահը։ Հենց սկզբից նա եկավ Հայաստանը քանդելու։ Բոլոր գործարանները քանդեց, թալանեց, բոլոր գործարանների սարքավորումները վաճառեց Իրանին որպես մետաղի ջարդոն։ Տրամվայները հանեցին, որովհետև ռելսերն էին վաճառում։
-Բայց չէ՞ որ 2008-ին սահմանադրական կարգի վերականգնման խնդիր կար։ Ժողովուրդը պահանջում էր արդար ընտրություններ։
-Ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, երբ նա դարձավ նախագահ։ Ասաց՝ բյուջեն դատարկ է։ Ի՞նչ եղավ այդ բյուջեն, և մյուս օրը խանութները դատարկվեցին։ Սա միտումնավոր ակցիա էր հայ ժողովրդի դեմ։ Ղանդիլյանին ովքե՞ր սպանեցին. որովհետև թույլ չտվեցին Ղանդիլյանին իր նավթը բերի Հայաստան, որովհետև իրենց նավթը պետք է վաճառվեր։ Մենք պատերազմական այդ տարիներին կարող էինք և՛ լույս ունենալ, և՛ ջուր ունենալ, և՛ հաց ունենալ, բայց ամեն ինչ կտրեցին, որ որոշ մարդիկ հարստանան։ Ես հիշում եմ, Լևոն Տեր-Պետրոսյան, դուք 41 չափսի պիջակ էիք հագնում, իսկ պատերազմի 3 տարվա ընթացքում դարձավ 51 չափսի։ Նշանակում է՝ իրեն շատ լավ էր զգում։ Ես հիշում եմ Վիկտոր Համբարձումյանի նկարը, երբ ցուրտ տարիներին վառարանի մոտ նստած էր։ Այդ մեծ մարդուն ո՞նց կարելի էր թողնել առանց լույսի ու ջերմության։ Տեր-Պետրոսյան, դու լույս ունենայիր, իսկ Վիկտոր Համբարձումյանը լույս չունենա՞ր։ Այդ հանճարեղ մարդն իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց կերոսինի վառարանի մոտ։ Բա չե՞ն ամաչում նրանք, թասիբ չունե՞ն։ Դրանք դատվելու են։
Լևոն Տեր-Պետրոսյանը դիտավորյալ քայքայեց ազգը, քայքայեց Հայաստանը, ո՞ւմ պատվերն էր նա կատարում։ Մարդիկ հազարներով հեռացան երկրից, ընտանիքներ քայքայվեցին։ Հիմա որ գյուղերը դատարկ են, ո՞վ է մեղավոր. Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև գյուղում գործ չկար, ու երիտասարդները գնում էին Ռուսաստան, էնտեղ էլ ապրում էին, իսկ իրենց ծեր ծնողները մնում էին գյուղում։ Հիմա գյուղ չկա, բոլոր տները փակ են։ Ինչո՞ւ, գյուղը չէ՞ր կարող բերք տալ ու ինքն իրեն պահել. իհարկե, կարող էր։
-Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզ այցելության ժամանակ խոսելով ներդրումների մասին, հայտարարեց, որ ոչ ոք այլևս չի կարող արտոնյալ լինել, և խաղի նոր կանոններ են գործում, երբ բոլորի համար պայմանները հավասար են։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները, և որքանով է դա ոգևորում սփյուռքի գործարարներին։
-Ինչ վերաբերում է ներդրումներին, այո, որոշ մարդիկ կարող են գալ ու ներդրում անել Հայաստանում, թեև ես այդ մարդկանց շարքում չեմ կարող հայտնվել։ Որքան ես գիտեմ, սփյուռքում դեռ տատանվում են, դեռ կամուկացի մեջ են, դեռ չգիտեն, թե այս պատմությունն ինչով կվերջանա, դեռ ամեն բան խառն է։ Մարդը չի կարող, ասենք, 10-15 մլն դոլար բերել, բա որ կորցնի՞։ Նոր կառավարությունը դեռ չի կարող երաշխավորել։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդ ներդրումները պետք են, ու կլինեն այդպիսի մարդիկ։ Սկզբի համար կարող են փոքր ներդրումներից սկսել, տեսնել՝ ինչով է դա վերջանում, հետո նոր մեծ ներդրումներ բերեն։
-Այդուհանդերձ, դուք ակնկալում եք, որ օգոստոսի 17-ին մեծ ու ազդեցիկ հանրահավա՞ք է լինելու։
-Ես էլ եմ սպասում այդ հանրահավաքին, որովհետև Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի իր գործունեությունը։ Եվ մարդիկ անպայման կունենան հարցեր, որոնց վարչապետը կպատասխանի։ Օրեր առաջ Սփյուռքի նախարարն էր եկել ԱՄՆ: Ցավոք, ես նրա հետ հանդիպմանը չէի գնացել, թեև մի քանի հարց կցանկանայի տալ։ Ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը լրիվ ավելորդություն է։ Կարելի էր ԱԳՆ-ում Սփյուռքի բաժին բացել, և մի քանի երիտասարդ աղջիկներ սուրճի բաժակի շուրջը կորոշեին, թե հաջորդ ամիս ով է գնալու Լոս Անջելես, Ֆրանսիա կամ մեկ այլ տեղ։ Էդ տղան վեր է կացել ու առաջինն այցելել է Լոս Անջելես։ Տղա ջան, ինչի՞ ես եկել, Վրաստանում հայ չկա՞, գնա, տես Ջավախքում ի՞նչ է կատարվում, հայերն էնտեղ ինչի՞ կարիք ունեն, ինչի՞ համար ես միանգամից եկել Լոս Անջելես։ Մենք լավ ենք, գնա Ջավախք, գնա Ռուսաստանի հայերի հետ հանդիպման։ Եթե շատ էիր ուզում Ամերիկա գալ, դրա համար պետք չէր նախարար դառնալ։ Լավ էլ ֆռֆռացել է Հայաստանի հաշվին, իսկ դա բավականին մեծ գումար է Հայաստանի համար։ Չի կարելի այդքան շռայլորեն ծախսել։ Ես այդ հարցերն էի ուզում տալ, բայց չգնացի ու երևի ճիշտ էլ արեցի, որովհետև իր զահլեն չունեմ։