ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆյսբուքյան իր էջում գրում է. «Գյուղ էի գնացել։ Գյուղը, մանկական հիշողությունները, նախնիների գերեզմանները, ծանոթ ու արդեն անծանոթ դեմքերը կտրում են առօրյա ու անցողիկ ամեն ինչից, քաղաքական թոհուբոհից՝ առավել ևս։
Ուրախությամբ կիսվեմ, որ շուտով իմ ծննդավայրը, կապիտալ վերանորոգված դպրոցից ու մշակութային տնից բացի, կունենա իր համայնքային մարզադաշտը, միակը Շիրակի մարզի գյուղական համայնքներից, որն ունենալու է նման որակի նոր կառուցված համայնքային ֆուտբոլային մարզադաշտ։ Իսկ նորակառույց այս գեղեցիկ մանկապարտեզը շատ շուտով իր դռները կբացի գյուղի երեխաների առջև։ Գյուղի դպրոցն էլ սեպտեմբերին երեխաներին կընդունի ջեռուցման լրիվ նոր համակարգով։
Ուրախ եմ, այս ամենի նախաձեռնողը լինելու համար։ Դա աննշան արտահայտությունն է այն զգացումի, ինչ ես ու մեզանից յուրաքանչյուրն ունի իր ծննդավայրի հանդեպ։
Հ. Գ. Հրավիրում եմ մերօրյա Հայհեղկոմի, Հատուկ քննչական ծառայության ու մյուս բոլոր ծառայությունների ուշադրությունը՝ հարուցելու քրեական գործ, ինձ պատասխանատվության ենթարկելու ծննդավայրիս հանդեպ ունեցած երախտագիտության զգացմանը նման «ակնհայտորեն ապօրինի» բովանդակություն տալու համար։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա, տղե՛րք, կյանքում գոնե քար քարի վրա դնել սովորեք, հետո նոր քանդեք ուրիշների դրածն ու փորձեք հարամել նրանց կյանքը։ Միևնույնն է՝ վերջինը ձեզ չի հաջողվելու: