Կայքերից մեկը հրապարակել է պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երեւան» քրեակատարողական հիմնարկում: Այդ իսկապես դատապարտելի լուսանկարը կայքն անվանել է «Օրվա կադր»:
Նկարում ցուցադրված է մինչեւ վերջ կոտրված մի մարդ, որը գուցե այդ պահին մտածում է երեխաների մասին, նրանց թողած իր հեղինակության, նրանց աչքերի մեջ նայել չկարողանալու մասին, գուցե այն մասին, որ ոչ մեկին այլեւս չէր ցանկանա տեսնել իր վիճակում, գուցե ընկերներից եւ զինակիցներից լքվելու մասին: Գուցե այն օրերի մասին, երբ ինքը բնավ էլ գեներալ չէր եւ պախարակվելու ենթակա ոչինչ չէր արել:
Մի խոսքով, գուցե այդ պահին ինքը մտածում էր էն մասին, թե մարդ լինելու քանի՞ առիթ է տապալել: Եվ էդ փնտրտուքների մեջ հանկարծ ինչ-որ մեկը ֆիքսում է այս կադրը եւ բոլորին կրկին հիշեցնում «տուշոնկա գողցողի» մասին, որը ներում-բեկում չունի: Եվ նա, ով արդեն երկու ամիս մերժված է բոլորից, մեկ լուսանկարով վերադառնում է բոլորի տեսադաշտ, որպեսզի մենք չմոռանանք, որ «ծամելու միս կա»: Համարենք, որ ինքնին լուսանկարելը դատապարտելի չէ, ինչ-որ մեկը հաջողացրել է դա անել, որպեսզի ցույց տա ինչ-որ ուրիշին: Ընդամենը այսքան բան: Բայց՝ ոչ: Նկարողը գուցե նույնիսկ վաճառել է լուսանկարը կայքին: Կամ՝ նվիրել: Խնդիրը կայքի վարքն է: Այդ կայքի համար լուսանկարում գեներալ Մանվելն է, որին երկու ամիս առաջ ազգը կենդանի-կենդանի «թաղեց»: Այսինքն, եթե թաղեց, ուրեմն ազգը դեռ «դիակի» վրա ուրախանալու ներուժ ունի: Հեղափոխության լրատվամիջոցի համար շատ սարսռեցնող «տեսլական» է:
Կամ՝ գուցե մամուլն ուզում է հիշեցնել, որ Մանվելին հենց հեղափոխությունը բացահայտեց: Իսկ այն, որ այդ կողմերում Նաիրի Հունանյան կա, որից արդեն 18 տարի ոչ մեկը գաղափար չունի՝ կա՞, ապրու՞մ է: Այսինքն, մեր ուժերը մեր զոհերի վրա են պատում, մենք մեր ընկերներին մեր զոհերով կարող ենք կերակրել, որպեսզի չմոռանան, թե ինչ կարեւոր բարձունքներ նվաճեցինք Մանվելին պսակազերծելով:
Սա խրախճանք է «դիակի» վրա: Գեներալ Մանվելն իրենն ստացել է արդեն, նա տարիքով մարդ է, ինչ-որ մեկի պապիկն է, ինչ-որ մեկի հայրը: Թույլ տվեք, որ այդ «ինչ-որ մեկ»-երը արժանապատիվ մեծանան եւ իրենց հերթին ատամներ չսրեն ձեզ վրա:
Գուցե իր «աստեղային» օրերին մարդ է սպանել գեներալ Մանվելը եւ այդ զոհի որդին այսօր ուրախանում է այս լուսանկարով, գուցե ՀՀԿ-ի անպարտելիության տարիներին մենք բոլորս ենք ցանկացել Մանվելին տեսնել հենց այս վիճակում: Սակայն հրապարակել այսպիսի լուսանկար, նշանակում է կրակել հեղափոխության ճակատին:
Որովհետեւ դա, ի վերջո, ինչպես ասվում էր անընդհատ, «սիրո եւ համերաշխության» հեղափոխություն էր: Եվ գեներալ Մանվելը, «տուշոնկի» համար նստելու հանգույն, իր բաժինը պետք է ունենա այդ սիրուց եւ համերաշխությունից: Իսկ հիմա նրան ասում եք՝ մտքիցդ հանիր, քոնը ծաղրանքն է եւ քո վրա բոլորիս խրախճանքը: Սա թալիբական վարք է, որովհետեւ նրանց խնդիրը փոփոխությունը չէ, այլ՝ իրենց ուժի ցուցադրությունը: Եվ հետեւաբար վախեցնելը եւ հիշեցնելը, թե ովքեր են եկել առաջին պլան:
Մհեր Արշակյան
Ամբողջությամբ՝ Մեդիալաբ կայքում