«Ես մշակույթի զինվոր եմ»
Advertisement 1000 x 90

«Ես մշակույթի զինվոր եմ»

Բեմում է Վլադիմիր Սպիվակովը. այս բառերը գեղեցկության և բարձրարվեստ երաժշտության երաշխիք են: Սպիվակովին Հայաստանը սիրում և պաշտում է: Նրա անձնական հմայքը, վառ արտիստականությունն ու կատարման հեղինակային ոճն անմոռանալի են: Երևանում Վլադիմիր Սպիվակովը երկու օր ելույթ ունեցավ Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես միշտ՝ լեփ-լեցուն դահլիճում: Նա արդեն մի քանի տարի, բացի «Մոսկվայի վիրտուոզներից», ղեկավարում է նաև այս նորաստեղծ նվագախումբը: Վլադիմիր Սպիվակովը ոչ միայն վիրտուոզ երաժիշտ է, այլև հիանալի կազմակերպիչ և երաժշտական կուլտուրա կառուցող: Նրա բարեգործական հիմնադրամը զբաղվում է տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին աջակցելով: «Ես ուզում եմ, որ մեր երեխաները հավատան հրաշքներին»,- սիրում է ասել Սպիվակովը: Նա Երևանում իրեն զգում է` ինչպես տանը, թեև զարմացած է մնացել Երևանի գիշերային աղմուկից և դիսկոտեկների բարձր երաժշտությունից: Համերգից հետո, չհասցնելով հյուրանոցում կարգին հանգստանալ, նա պատրաստվում է նոր համերգի, ասելով՝ «Ի՜նչ արած, ես մշակույթի զինվոր եմ»:

– Ձեզ աշխարհի բոլոր անկյուններում շատ ջերմ են ընդունում: Սակայն, կարծում եմ, Հայաստանում այդ ջերմությունն առանձնահատուկ է:

– Այո, ինձ ամենուրեք շատ լավ են ընդունում, սակայն Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է: Հայ հանդիսատեսն իսկապես շատ շնորհակալ է: Եվ ես դա միշտ էլ զգացել եմ: Կարծում եմ, շնորհակալ լինելը ձեր ազգի յուրահատկությունն է: Նույնիսկ Բուենոս-Այրեսի փողոցներում քայլելիս` ինձ հայ մարդիկ են մոտեցել և ասել. «Շնորհակալություն, Վլադիմիր ջան»: Ոչ միայն Արգենտինայում, նաև աշխարհի բոլոր երկրներում հայեր կան, և գրեթե բոլորը նույն վերաբերմունքն ունեն:

– Ձեր բարեգործական ֆոնդն օգնում է տաղանդավոր երիտասարդներին, դուք Երևանում նվագեցիք Ռախմանինովի համերգը երիտասարդ դաշնակահար Դենիս Մացուևի հետ: Օգնելը կարծես ձեր կոչումն է դարձել:

– Դենիսին ես շատ եմ օգնել, թեև նա իմ ֆոնդից աջակցություն չի ստացել: Ես ընդհանրապես խանդոտ մարդ չեմ և պատրաստ եմ օգնել բոլոր տաղանդավոր երիտասարդներին: Կարծում եմ, եթե մարդն ինչ-որ մեկին օգնելու հնարավորություն է ունենում, պետք է օգնի: Ես միշտ ողջունել եմ օգնողներին և ինքս եմ օգնում «Նոր անուններ» ֆոնդին, որն աջակցում է Դենիս Մացուևին:

– Լսելով երեխային` կարելի՞ է միանգամից հասկանալ՝ նա տաղանդավո՞ր է, թե՞ ոչ:

– Այո, միանգամից:

– Երեխաներին հաճախ ստիպելով են երաժշտություն սովորեցնում: Դա ճի՞շտ է:

– Իհարկե: Տաղանդավոր մարդուն պետք է ստիպել աշխատել: Իսկ եթե նա տաղանդավոր չէ, ստիպել պետք չէ: Անիմաստ է:

– Դերասանական մոտեցումը, երաժշտական կատակները, ինչպես ատրճանակի կրակոցները` պոլկայի կատարման ժամանակ, հանդիսատեսին օգնո՞ւմ են մոտենալ դասական երաժշտությանը:

– Կյանքը բավական բարդ պատմություն է: Հստակ կանոններ չկան: Եթե երեխաները կարողանում են հրաշքների հավատալ, իսկ մարդիկ` հաճույք ստանալ, պետք չէ նրանց զրկել այդ հնարավորությունից: Իմ համերգներն ուրախության ու առօրյա կյանքից կտրվելու հնարավորություն են տալիս: Յուրաքանչյուր մարդ իր պրոբլեմներն ու իր խաչն ունի, և ես պետք է օգնեմ նրանց, որքան կարող եմ: Ես կարողանում եմ օգնել երաժշտությամբ: Մարդիկ համերգից դուրս են գալիս լուսավորված ու թևավորված, նրանց աչքերը փայլում են, նրանց մոտ ստեղծագործելու ցանկություն է առաջանում: Ես դա եմ ուզում տեսնել: Ես ինձ մշակույթի զինվոր եմ համարում:

– Դուք նվագեցիք «Կռունկը» և միանգամից գերեցիք հանդիսատեսին: Մենք կարծես չենք գնահատում մեր գանձերը, իսկ դուք մեզ օգնում եք հասկանալ դրանք: Ինչո՞ւ է այդպես:

– Դեղատոմսեր նշանակելը դժվար է: Ամեն մարդ պետք է ինքն իր վրա ուշադրություն դարձնի: Չգիտես ինչու՝ շատերն իրենց հայացքները արտասահման են ուղղում: Իսկ այստեղ հիանալի երաժիշտներ, նկարիչներ կան: Երևի պետք է ավելի ուշադիր նայել դեպի ներս, ներշնչանքը ներսում է: Ուշադիր նայեք ձեր շուրջը և հավատացեք սեփական ուժերին: Դա մանավանդ երեխաներին է անհրաժեշտ: Այն, ինչ անում էր Հենրիկ Իգիթյանը, փնտրելով և օգնելով պատանի նկարիչներին, շատ պետք էր: Նման աշխատանք պետք է բոլոր ուղղություններով կատարել:

– Շատերը` հաջողության հասնելով, հեռանում են Հայրենիքից:

– Չեխովն ասել է՝ մարդուն հատկացված կյանքի ժամանակը երբեք չի հերիքում: Հեռանալուն պետք է հանգիստ վերաբերվել: Եթե մարդը ծնվել է Հայաստանում և հայկական արմատներ ունի, և, ամենակարևորը, սնվել է հայկական մշակույթով, նա որտեղ էլ լինի, միևնույն է, հայ կմնա: Կարծես չի էլ հեռացել Հայրենիքից: Գառզուն Հայաստանում չէր, բայց միշտ էլ հայ է եղել:

– Դատարկությունից վախենալ պետք չէ՞:

– Եթե գալու է նոր կրթված սերունդը` ոչ: Կարևորը երեխաների կրթությունն է: Նրանց պետք է թանգարաններ, համերգասրահներ տանել: Եվ գտնել այն մարդկանց, ովքեր չեն կորցրել նախորդ սերունդների ստեղծած մշակույթով հիանալու հատկությունը: Պետք է կարողանալ հիանալու ունակությունը փոխանցել երեխաներին: Հիացմունքից շատ բան է կախված: Պե՛տք է հիանալ: Հիացե՛ք:

Նունե Հախվերդյան

«168.am»



Նման նյութեր