Վիճաբանություն զորաց քարեր հանքավայրում. vorotan.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վիճաբանություն զորաց քարեր հանքավայրում. vorotan.am

Երեկ Զորաց Քարեր պատմա-մշակութային հնավայրում պեղումներ կատարող հնագիտական արշավախմբի անդամների և մի խումբ սիսիանցիների միջև բուռն բանավեճ տեղի ունեցավ: Սիսիանցիներն իրենց զայրույթն ու վրդովմունքը հայտնեցին, որ պեղումների ընթացքում, երբ դեռ շատ գաղտնիքներ բացահայտված չեն, արշավախմբի անդամները, ըստ իրենց հասած տեղեկությունների, հնավայր այցելած զբոսաշրջիկներին ասում է, որ այն դամբարանադաշտ է, ոչ թե աստղադիտարան, ինչպես պնդում են որոշ հայտնի գիտնականներ` հարված հասցնելով զբոսաշրջիկների հոսքին:

Արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ պեղումները կատարվում են գիտության պետական կոմիտեի միջոցներով, և հնագիտական արշավախումբն արդեն 5-րդ տարին իրականացնում է այդ աշխատանքները, որի նպատակը Զորաց Քարեր հնավայրի պատմամշակութային ժառանգության վերհանումն է: Գիտնականը նշեց, որ այն Կովկասի եզակի հնագիտական հուշարձաններից մեկն է, միակ մեգալիթյան հուշարձանը ամբողջ Կովկասում, որը այս ծավալով և այս մակերեսով պահպանվել է և դրա ուսումնասիրությունը շատ կարևր է: Հուշարձանը մոտ 4 հազար տարեկան է: Այն, ինչ հիմա բացում են, միանշանակ կապվում է բնակավայրի և դամբարանադաշտի հետ, առայժմ հայտնաբերված ամենահնագույնը մ.թ. ա. 19-18-րդ դարն է:

Խոսելով հնավայրի նշանակության մասին, Աշոտ Փիլիպոսյանը նշեց նաև, որ կա առասպելական մեկնաբանությունների մի ամբողջ շարք, կապված այն բանի հետ, որ քարերի տակ առաջնորդներ են թաղված, քարակույտերի տակ զինվորներ են թաղված, վերջին ժամանակներս սկսել են շահարկել աստղադիտարան կոչված երևույթը, ապա ժխտեց ներկաներից մեկի` ոչ միայն ժողովրդի մեջ տարածված, այլև` որոշ գիտնականների` աստղադիտարան լինելու մասին կարծիքը: «Ժողովրդի զրույցներում այն դիտարկվում է ոչ թե աստղադիտարան, այլ` Ցից Ցից քարեր, Դիք Դիք քարեր, կամ` հուշարձան, որի տակ զինվորներ են թաղված»,-ասաց Աշոտ Փիլիպոսյանը` պնդելով հնավայրի` աստղադիտարան չլինելու իր տեսակետը, ինչը տեղիք տվեց  բուռն բանավեճի:

Զորաց Քարեր հնավայրը միայն դամբարանադաշտ դիտարկելու` Աշոտ Փիլիպոսյանի կարծիքին հակադարձեց Սուրեն Վարդանյանը և դիմեց հնագետներին ասելով` հավաքեք ձեր իրերը և հեռացեք: «Մտել եք մեր տունը քանդում եք, աղավաղում եք մեր պատմությունը, գրանտային ծրագիր եք շահել, եկել եք էստեղ փող եք լվանում, ամբողջ աշխարհն ընդունում է աստղադիտարան, դուք ժխտում եքԴուք հակահայկական գործունեություն եք ծավալում մեր պետության դեմ, երբ ամբողջ աշխարհն ասում է աստղադիտարան է, դուք ասում եք` սա սովորական գերեզման է, փոսը քանդում ես, քանդիր, բայց մի ասա սա աստղադիտարան չէ»,-վրդովմունքով դիմեց Սուրեն Վարդանյանը, որին հետևեց Աշոտ Փիլիպոսյանի` «դատարկ բաներ եք դուրս տալիս, ձեր գործով զբաղվեք: Ամբողջ աշխարհը դա ծիծաղելով է նայում: Սա հուշարձան է, աստղադիտարան չէ: Դուք ով եք, որ եկել եք հուշարձանի պեղումները խանգարում եք»:

Ամբողջ աշխարհը գիտի, որ սա աստղադիտարան է: Հիմա դուք անում եք մի գործողություն, որը կարող է վնասել տուրիստների հոսքին մեր տարածաշրջան,- ասաց Արսեն Ավագյան, որին ի պատասխան Աշոտ Ավագյանը հորդորեց դիմել իրավապահ մարմիններին, ոչ թե գալ և խանգարել արշավախմբի աշխատանքը:

Սիսիանցի ակտիվիստներն իրենց վրդովմունքը հայտնեցին, որ նախորդ տարի նույնպես արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, երբ պեղումները դեռ ընթանում էին, հրապարակայնորեն հայտարարեց, որ տարածքը չի եղել աստղադիտարան, իսկ քարերի անցքերը ծառայել են քարերը քաշելու, տեղաշարժելու, ձիերի սանձերը կապելու նպատակով, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել գիտական և ոչ գիտական շրջանակներում, հույսով, որ գիտնականները կդադարեցնեն կատեգորիկ մեկնաբանություններն ու կարծիքները պեղումների փուլում գտնվող պատմա-մշակութային հուշարձանի մասին:

Հնավայրի մասին ակտիվիստները փորձեցին իմանալ նաև արշավախմբի` օտարերկրյա ներկայացուցչի կարծիքը, ով նշեց, որ ակնհայտ է, որ տարածքը դամբարանադաշտ է, բայց  միանշանակ չի կարելի ոչ հաստատել, ոչ էլ հերքել աստղադիտրան լինել-չլինելը, քանի որ պեղումները դեռ շարունակվում են: Ի պատասխան քարերը տեղաշարժելու, հնավայրի` պատմական տեսքը խաթարելու հարցին` իսպանացի մասնագետը նշեց, որ եթե ուզում ենք իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հնավայրը, հնարավոր չէ առանց քանդելու, բայց հետագայում տեղաշարժված քարերը կվերականգնվեն:

Խնդրի շուրջ իր մեկնաբանությունը տվեց Զորաց Քարերը աստղադիտարան համարող աստղաֆիզիկոս Պարիս Հերունու օգնական, պատմաբան Գուրգեն Վարդանյանը: «Խնդիրը նրանում չէ` աստղադիտարն է, թե չէ, մանավանդ` պեղումները աստղադիտարանի մաս հանդիսացող մենհիրների տարածքում չեն, այլ` մենհիրներից դուրս դամբարանների տարածքում, որը Հերունին էլ է դամբարաններ համարել, այսինքն` իրենք մենհիրները չեն պեղել, չեն կարող աստղադիտարանը ոչ հերքեն, ոչ հաստատեն, բայց խնդիրը նրանում է, որ առանց ուսումնասիրելու հերքում են: Բայց դա էլ եմ դնում մի կողմ, գիտությունը դնում եմ մի կողմ: Մեզ այսօր հուշարձանը պետք է որպես տուրիստական պրոդուկտ, եթե այսօր տուրիստ է գալիս հուշարձան, գալիս է աստղադիտարան նայելու համար, օրական մինչև 500-600 տուրիստ է գալիս: Եթե դամբարանադաշտ տուրիստ գար, Կարմիր Բլուրում հսկա, շատ լավ պեղած հուշարձան է, ընտիր դամբարանադաշտ, բայց օրական 3 տուրիստ չի գնում, նույնը` Մեծամորի աստղադիտրանը, հարուստ թանգարան ունի, լուրջ նյութ ունի, լուրջ աստղադիտրան է, բայց օրական 20 տուրիստ չի գնում»,-ասաց Գուրգեն Վարդանյանը:

«Ավելի լավ է իրականությունը կեղծենք` ասենք աստղադիտարան է, որ տուրի՞ստ գա, թե իրական պատմությունը վեր հանենք` ասենք դամբարանադաշտ է, բայց տուրիստ չգա» ներկաներից մեկի հարցին ի պատասխան Գուրեն Վարդանյանը նշեց, որ մենք չենք կեղծում պատմությունը: «Այսօր 60-63-60 քարերը հստակ աշխատում են որպես աստղադիտարան, 60 քարը որպես օրացույց աշխատում է, 127 քարը որպես պերեսկոպ, տարիների ընթացքում, բնականաբար, քարերը որոշակի վնասվել են և որոշ քարեր իրենց դերը կորցրել են, բայց թե Հերունին, թե Ստոուն Հենջը ուսումնասիրող գլխավոր մասնագետ Ջերալդ Հոլկինսը, հաստատել են, որ սա աստղադիտարան է, գուցե սատղադիտրան բառն է շփոթեցնում, թող չասեն` աստղադիտարան, բայց դա միանշանակ երկնադիտարան է, երկնային լուսատուների միջոցով օրացույց է հադիսցել, լուսնի խավարում են կարողացել հաշվարկել, տարվա ամիսներ են հաշվարկել: Աստղադիտարան ասելով պետք չէ հասկանալ, որ Մարսի վրա հրաբուխ են նայել, իրենք օրացույց են աշխատացրել: Որպեսզի շփոթմունք չառաջացնի` կարելի է ասել երկնադիտարան, բայց ընդհանուր առմամբ նույնն է: Ուղղակի ամենակարևորն այն է, որ հայտնի գիդերը, որ տարեկան մի քանի հարյուր հազար տուրիստ են բերում Հայաստան, ամեն հանդիպելիս ասում են` աստղադիտարանի վարկածը մի ջարդեք, որովհետև զբոսաշրջիկին այս հուշարձանը, որպես դամբարանադաշտ, հետաքրքիր չէ: Նստել ծառի ճյուղի վրա` ճյուղը կտրում են: Մենք դեմ չենք պեղումներին, ընդհակառակը, կողմ ենք, ուղղակի Հերունու վարկածը եթե հերքում են, թող հերքեն հիմնավոր, ոչ թե դամբարանների պեղումների արդյունքում աստղադիտարանի վարկածը հերքեն»,- շեշտեց Գուրգեն Վարդանյանը:

Սուրեն Վարդանյանը վրդովված ցույց տվեց քարերից առաջացած նոր պատը` այն համարելով վանդալիզմ: «Տեսնում եք այս պատը, այն չի եղել, արհեստական պատ են ստեղծում, եթե պեղում են, հանված քարերը նորից պետք լցնեն իրենց տեղը, որ պատմական տեսքը մնա, բայց իրենք արհեստական ինչ որ բաներ են ստեղծում, որ այն համապատասխանեցնեն իրենց կարծիքին»:

Անի Մնացականյանի կարծիքով` սա մեծ վնաս է հասցում մեր պատմա- մշակութային արժեքին, եթե ոչնչացվում են մշակութային արժեքները, ուրեմն վնասում են մեր պետությանը: Մարդիկ պեղում են, իրենց աշխատանքն են անում, կարող են անել առանց քարերը տեղաշարժելու, որով նաև նրա նշանակությունն են շեղում, եթե քարի հիմքը խախտվում է: Իմ կարծիքով իրավունք չունեին ոչ էլ հակաքարոզ անելու, որ դա ոչ թե աստղադիտարան է, այլ` դամբարանադաշտ, երբ դեռ ոչինչ պարզ չէ:

Սուրեն Վարդանյանը և մյուս ակտիվիստները նշեցին, որ կատարվածին գնահատական տալու և խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար պատրաստվում են նամակ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:

vorotan.am