Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ծնվել ես 90-ականների վերջին կամ առավել ևս 2000-ականներին, ապա քեզ համար Հյուսիսային պողոտան Երևանի նույնքան բնական հատվածն է, որքան Օպերան կամ Հրապարակը։ Այնինչ Պողոտան սկսեց կառուցվել 2000-ականների սկզբին՝ ի ամբողջացումն Ալեքսանդր Թամանյանի գաղափարի՝ միավորելու Օպերայի շենքը Հանրապետության հրապարակին։
Մինչև Պողոտան կառուցելն այդ հատվածում մի իսկական լաբիրինթոս էր՝ փոքր-մոքր տնակներով, ծուռտիկ-մուռտիկ փողոցներով։ Իսկ հիմա Երևանի թիվ մեկ հանրային տարածքն է, որտեղ Վարչապետը զբոսանքի է հրավիրում մինչ օրս Հայաստան ժամանած Արևմտյան աշխարհի ամենաբարձրաստիճան ղեկավարներից մեկին։
Եվ դա շատ խորհրդանշական է։
Այդ մեծածավալ ու ռիսկային նախագիծը բնականաբար չէր կարող հարթ ու սահուն ընթանալ (փոխհատուցումների ծավալ ու մեխանիզմ, հին շենքերի ապամոնտաժում և այլն), և բնականաբար քննադատության ու «քննադատության» հսկայական ալիք եղավ։
Հյուսիսային պողոտայի ծրագրի գլխավոր ճարտարապետը հարազատ քեռիս է՝ Նարեկ Սարգսյանը։ Հիշում եմ՝ մի անգամ, 2000-ականների սկզբին, հարցրեցի, թե ինչպես է կարողանում սառնասրտությունը պահպանել այն պայմաններում, երբ շատ ու շատ մարդիկ անարդարաբար հենց իրեն են մեղավոր «նշանակել» Պողոտայի հետ կապված բոլոր խնդիրների համար (թե ինչ կապ ուներ ճարտարապետը օրինակ փոխհատուցումների համակարգի հետ) և աջ ու ձախ թիրախավորում են։ Պատասխանեց, որ հոգեբանորեն շատ հեշտ է դիմագրավել ցանկացած անարդարացի հանրային ճնշման, եթե հաստատապես վստահ ես, որ տարիներ անց աշխատանքիդ արդյունքը ոչ թե պարզապես գնահատվելու է, այլ դրա բացակայությունը դառնալու է անպատկերացնելի։ Ասեց՝ հիշի՛ր, մի 20 տարի հետո մարդիկ մոռանալու են, թե ով է Պողոտայի ճարտարապետը, և նրանք ու հատկապես նրանց երեխաները վայելելու են Պողոտան՝ որպես Անկախ Հայաստանի խորհրդանիշ։
Ինձ համար երեկ հենց այդ օրն էր»։
Եթե ծնվել ես 90-ականների վերջին կամ առավել ևս 2000-ականներին, ապա քեզ համար Հյուսիսային պողոտան Երևանի նույնքան բնական…
Gepostet von Ruben Melikyan am Samstag, 25. August 2018