Սկսել ենք կուտակել. 2018-ի առաջին կիսամյակի թվերը լավատեսություն են ներշնչում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սկսել ենք կուտակել. 2018-ի առաջին կիսամյակի թվերը լավատեսություն են ներշնչում

Օրերս Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2018 թվականի առաջին և երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի տվյալները։ Դրանց արդեն անդրադարձել ենք՝ նշելով, որ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով։ Նաև նշել էինք, թե տնտեսության որ ճյուղը որքանով է նպաստել ՀՆԱ-ի հավելաճին (այդ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։

Սակայն բացի ՀՆԱ-ի հավելաճի ցուցանիշից՝ կա նաև դրա հետ փոխկապակցված մեկ այլ ցուցանիշ, որը ոչ պակաս կարևոր է։

Այսպես, նախորդ նյութի մեջ, որտեղ ներկայացրել էինք, թե յուրաքանչյուր ոլորտ որքանով է նպաստել տնտեսական աճին, խոսքը վերաբերում էր ՀՆԱ-ի հաշվարկման արտադրական եղանակին։

Վիճակագրական կոմիտեն հրապարակում է նաև ՀՆԱ-ն՝ հաշվարկված ծախսային (եկամուտների օգտագործման) եղանակով։ Դա ներառում է 3 խոշոր խումբ՝ վերջնական սպառման ծախսեր, համախառն կուտակում և ապրանքների արտահանման և ներմուծման հաշվեկշիռ։

Օրինակ, 2018 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 358.4 մլրդ դրամ, որի մեծ մասը՝ 1 տրլն 226.1 մլրդ դրամը վերջնական սպառման ծախսերն են։

 

Արտաքին առևտուրը 205.5 մլրդ դրամով պակասեցրել է ՀՆԱ-ի մեծությունը, քանի որ ավել շատ ներմուծել ենք քան արտահանել։

Իսկ համախառն կուտակումը, ինչպես տեսնում եք, կազմել է 288 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 21.2%-ը։

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ համախառն կուտակումն աճել է 56.7%-ով: Համեմատության համար նշենք, որ վերջնական սպառման ծախսերն աճել են 2.2%-ով։

Ինչո՞վ է կարևոր համախառն կուտակման աճը։

Այն պարզ պատճառով, որ համախառն կուտակումն արտադրության նոր միջոցներիարտադրության (մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և շինություններ (այդ թվում` բնակարանային)) վրա կատարվող ծախսերի և ապրանքանյութական պաշարներիփոփոխության հանրագումարն է:

Ավելի պարզ եթե ասենք, համախառն կուտակման առաջանցիկ աճը նշանակում է, որ հասարակությունը սկսում է ավելի շատ մտածել ոչ թե ընթացիկ սպառման, այլ՝ ներդրումների, հետագա բարեկեցության վրա, ինչը երկարաժամկետ առողջ տնտեսական աճի հիմնական գրավականներից է։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում (առաջին և երկրորդ եռամսյակներում միասին)՝ համախառն կուտակումը կազմել է 528.9 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 21.4%-ը։

Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է՝ վերջին տարիների կտրվածքով։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում համախառն կուտակումը կազմել էր 298.9 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 13.7%-ը (տես ստորև բերված գծապատկերը)։

Ընդ որում, համախառն կուտակման աճը գրանցվել է հիմնական միջոցների հաշվին։

Թեթև մտահոգություն առաջացնող միակ բանն այստեղ միտումն է. առաջին եռամսյակում համախառն կուտակման աճն ավելի մեծ էր՝ կրկնակի աճ էր գրանցել։ Ըստ երևույթին, աճի դանդաղման վրա որոշակիորեն ազդել են քաղաքական իրադարձությունները։ Սակայն հույս ունենանք, որ երրորդ և չորրորդ եռամսյակներում կուտակման աճը կսկսի նորից արագանալ։