Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ապագա քաղաքապետին զեկուցեն հետևյալը. «քաղաքի կառույցների մեծամասնության` 60-70-80-ական թվականներին կառուցված տիպային պանելային բնակելի շենքերի շահագործման ռեսուրսը սպառվել է»: Նման զեկույց մեծ հավանականությամբ կարող է ստանալ եթե ոչ հաջորդ, ապա հաջորդի հաջորդ քաղաքապետը:
Բանն այն է, որ այդ տարներին արագորեն կառուցապատված թաղամասերը` Նոր Նորք, Ավան, ՀԱԹ և այլն… մի խոսքով՝ բոլոր ծայրամասերի շենքերի նախագծերը «էն գլխից» այդքան էլ հաջող չէին և հաճախ կառուցվում էին նորմերի խախտումներով, դեռ մի բան էլ տասնամյակներ շարունակ առանձնապես ուշադրություն չի դարձվել շահագործման նորմերին: Եվ սա հետևանքներ չունենալ չի կարող, և մենք կամաց-կամաց մոտենում ենք այն ժամանակահատվածին, երբ այդ հետևանքները կարող են սկսել արտահայտվել:
Սա ամենայն հավանականությամբ Հայաստանի թիվ մեկ խնդիրներից մեկն է, որովհետև խոսքը շուրջ 100-150 հազար բնակարանի մասին է: