Բազմաթիվ ֆիլմերից, ներկայացումներից և նախագծերից ժողովրդի սերը վայելող ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանն այսօր նշում է տարեդարձը, որի առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ: Արտիստի հետ խոսել ենք ոչ միայն տարեդարձի և տարիքային առանձնահատկության, այլև մշակութային և մարդկային հարաբերությունների խնդիրների մասին:
Հ. Մովսիսյանը պատմեց, որ կեսգիշերին կինն ու աղջիկն են հեռախոսով շնորհավորել նրան, իսկ վաղ առավոտյան ընկերը՝ դրամատուրգ Գևորգ Շահինյանն է զանգել՝ մեծ ցանկությամբ, որ առաջինն ինքը շնորհավորի: Սակայն դերասանն այսօր տարեդարձը նշել չի պատրաստվում:
«Անկեղծ ասած՝ կինս այժմ հիվանդ է և լուրջ բուժման ընթացք է անցնում, այդ պատճառով տարեդարձս նշելու ոչ ցանկություն ունեի, ոչ էլ՝ տրամադրություն, բայց այնպես ստացվեց, որ այսօր ընկերներիցս մեկի դստեր հարսանիքն է և պետք է ներկա գտնվեմ ու ինքս էլ վարեմ, այնպես որ օրս միայնակ չեմ անցկացնի: Այսօր ծնվել են նաև Մայքլ Ջեքսոնը, Վիլիամ Սարոյանը, ուրախ եմ, որ նրանց թվում նաև իմ ծննդյան օրն է»,- նշեց Հ. Մովսիսյանը:
Խոսելով տարիքային առանձնահատկության մասին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ փորձում է տարիքի մեջ չխորանալ:
«Դրանք ինձ համար միայն թվեր են, ամեն մարդ այն տարիքում է, որում իրեն զգում է: Երբեմն, որ խորանում եմ այդ մտքերի մեջ, զգում եմ, որ մեծանալը վախեցնում է, տխրեցնում, բայց հետո հասկանում եմ, որ այդ հարցի շուրջ մտածել պետք չէ, պետք է վայելել կյանքը և քեզ տրված ամեն մի օր: Ես հիմա ապրում եմ կյանիքս երկրորդ փուլը ու սիրում եմ կյանքը»,- ասաց դերասանն ու շարունակեց.
«Ես երբեք չեմ չարացել ինչ-որ մեկի վրա, չեմ նախանձել, վատը չեմ կամեցել, քննադատությունների չեմ ենթարկել մարդկանց, բայց մեր ոլորտում չարությունն ու նախանձը, ցավոք, շատ է: Ես ինձ բախտավոր եմ համարում, որովհետև իսկապես վայելում եմ ժողովրդի սերը, յուրաքանչյուր միջոցառման, երբ հայտնվում եմ, մարդիկ ոտքի են կանգնում ու շատ ջերմորեն ողջունում են: Սա է կյանքի իմաստը, պետք է ապրես այնպես, որ իսկապես քեզ սիրեն, ոչ թե ձևացնեն, թե սիրում են: Պատկերացրեք, երբեմն, երբ տրամադրության անկում եմ ունենում և չեմ կարողանում ինքս այն բարձրացնել, պարզապես դուրս եմ գալիս փողոց, որտեղ ամեն քայլափոխի մարդիկ մոտենում են ինձ, գրկախառնվում, հայտնում իրենց սերը ու ցանկանում լուսանկարվել: Ինձ ցանկացած պահի ուժ են տալիս մարդկանց ժպիտները»:
Ճակատագրական բացթողումների մասին խոսելիս՝ Հարություն Մովսիսյանը նշեց.
«Իհարկե, ես էլ եմ ունեցել բացթողումներ, բայց ես դրանց մասին մտքերից սարսափում եմ: Ժամանակին ես արել եմ բաներ, որոնք այդ պահին ինձ համար եղել են բացարձակ ճշմարտություններ, բայց հիմա դրանց համար զղջում եմ: Երիտասարդ տարիներին միշտ կասկածանքների մեջ էի՝ ֆուտբոլիստ դառնալ, թե դերասան, քանի որ հրաշալի ֆուտբոլիստ էի, բայց հիմա կարծում եմ, որ ամեն մեկն ունի իր ճակատագիրը՝ իր սխալներով ու ճիշտ քայլերով: Իմ ողջ կյանքի ընթացքում ես միշտ կարողացել եմ մարդկանց համար ինչ-որ տեղ հանելուկ մնալ, և դա ինձ դուր է գալիս: Միաժամանակ ողջ կյանքում ինքս իմ հանդեպ շատ խստապահանջ եմ եղել, ես երբեք ինձնից գոհ չեմ լինում, ինչն էլ թույլ է տալիս ձգտել ավելիին»:
Անդրադառնալով աշխատանքային կյանքին և ոլորտում առկա բացթողումներին՝ արտիստը նկատեց.
«Ես չգիտեմ ով, կամ ովքեր, բայց ամեն ինչ անում են, որ ես չերևամ: Գիտեք, ես իմ ողջ կյանքում իմ նկատմամբ նախանձ ու չարություն եմ զգացել, բայց երբեք չեմ հասկացել, թե որն է դրա իմաստն ու կարիքը: Հիմա խմբեր են առաջացել, որոնք անընդհատ միայն իրենց ներսում են աշխատում, մի ստուդիայում նկարահանվող դերասանին չեն հրավիրում մյուսում խաղալու, և դրա իմաստը ևս չեմ ընկալում: Չէ որ ոլորտը կզարգանա միայն առողջ մրցակցության դեպքում: Մշակութային աշխարհում առկա չարության մասին առաջիկայում պետք է խոսեմ մշակութային գործիչների, նախարարի հետ: Հավատացեք, չեմ ուզում ոչ մի տեսակ չար բան կատարվի, իսկապես չեմ ուզում ու ցավում եմ դրա համար: Հիմա ես մի բան եմ ուզում միայն՝ ուսանողներին հանձնել Աճեմյանից ստացածս ողջ հարստությունը, որ ունեմ իմ մեջ»: