«Ես եմ, 5 երեխաներս ու ծով դժվարությունները». Բարձրագույն կրթությամբ միայնակ մայրը սեպտեմբերի 1-ից առաջ շվարել է
Advertisement 1000 x 90

«Ես եմ, 5 երեխաներս ու ծով դժվարությունները». Բարձրագույն կրթությամբ միայնակ մայրը սեպտեմբերի 1-ից առաջ շվարել է

Ես եմ ու իմ հինգ երեխաները, միմյանց թիկունք դարձած ապրում ենք ու ապրեցնում միմյանց: Խնդիրներս մեծ են ու անասելի, բայց հանուն երեխաներիս պայքարում եմ: Այս մասին իր կյանքի դժվարությունների մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց 36-ամյա Մարինե Լոբյանը, ով հինգ անչափահաս երեխաների հետ բնակվում է Չարենցավան քաղաքի վարձակալած բնակարանում:

Առջևում սեպտեմբերի 1-ն է և 36-ամյա երիտասարդ, միայնակ մոր խնամքին 5 անչափահաս երեխաներ են՝ բոլորն էլ դպրոցական տարիքի. սոցիալական խնդիրները նրանց  ընտանիքում շատ են:

«Տավուշի մարզի Բերդ համայնքից եմ: Կյանքի բերումով այսօր հայտնվել եմ Չարենցավանում: Ամուսնանալուց հետո ամուսնուս հետ տեղափոխվեցինք Երևան: Քանի որ նա զինվորական էր, գործի բերումով տեղից տեղ ենք տեղափոխվել, շատ քաղաքներում ենք ապրել, հետո եկանք Չարենցավան, տուն վարձեցինք: Սակայն վեց տարի առաջ, երբ փոքր երեխաս դեռ 3 տարեկան էր, ամուսինս արտագնա աշխատանքի  մեկնեց Ռուսաստան ու այլևս չվերադարձավ: Հիմա հինգ երեխաներիս խնամքն իմ ուսերին է: Ես բարձրագույն կրթություն ունեմ՝ ԵրՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետն եմ ավարտել, սակայն երբեք իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, երեխաներիս եմ խնամել, հիմա աշխատանք չեմ գտնում»,- պատմեց Նարինեն՝ հավելելով, որ ժամանակին աշակերտներ է ունեցել ու տանը պարապել է, բայց հիմա դա էլ չի կարողանում անել,:

«Ինչ գործ պատահում է անում եմ, բարձրագույն կրթություն ունեմ, բայց ստիպված եմ սեզոնային աշխատանքներ կատարել՝ ամռանը մալինա եմ հավաքում, հիմա էլ խանութ եմ մաքրում՝ օրավարձով, որ երեխեքիս մեծացնեմ: Մեկ օրից սեպտեմբերն է, ստիպված խանութից շորեր եմ վերցրել պարտքով՝ ում ինչ անհրաժեշտ է՝ ամենաանհրաժեշտը, մնացածը ընթացքում, որ ստացվի, կգնեմ: Նույնն էլ գրենական պիտույքները, ամբողջը պարտքով եմ վերցրել: Շատ կիսատ բաներ կան, բայց հնարավորություններս այդքան են հերիքում: Երեխաների հայրը  չի օգնում»,- պատմեց Նարինեն:

Չնայած դժվարություններին՝ Նարինեն երեխաներին նաև տարբեր խմբակներ է ուղարկում՝ տղաները ֆուտբոլ, սամբո, աղջիկներն էլ երաժշտական դպրոց են գնում՝ դաշնամուրի և քանոնի:

Դժվարություններն այս ընտանիքում շատ են, իսկ ամսական եկամուտը անապահովության նպաստն է՝ 55 000 դրամ և Նարինեի օրավարձով աշխատանքը:

Նարինեին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093 49 82 70 հեռախոսահամարով: