Ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, ով որդիների հետ ժամանել էր Հայաստան և այցելել Արցախ, ծավալուն գրառում է հրապարակել իր Ֆեյսբուքյան էջում և կիսվել իր տպավորություններով:
«Նոր եմ վերադարձել Հայաստան կատարած հիասքանչ ուղևորությունից, որտեղ հպարտորեն ականատես եմ եղել երկու որդիներիս՝ Դենի և Ադամի երդմնակալությանը՝ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ», – գրել է Փոլ Բիլզերյանը, ավելացնելով, որ ինչպես ինքն է զգացել, Հայաստանն անցնում է բազմաթիվ դրական փոփոխությունների միջով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ կատարած այցին և Ադրբեջանի կողմից որդու նկատմամբ հետախուզում հայտարարելուն՝ Բիլզերյանը նշել է, «Համաշխարհային առաջնորդները շատ են, բայց լավերը բավականին քիչ են նրանց մեջ: Որքան հեշտ է թվում հավատարիմ երիտասարդներին ուղարկել դեպի մահ՝ չմտածված քաղաքական նպատակներ հետապնդելով», – շեշտել է նա՝ կոչ անելով թուրքերին և ադրբեջանցիներին ինքնուրույն մտածել մինչ իրենց կառավարություններին լսելը, երբ խոսքը վերաբերվում է հայ ժողովրդի հանդեպ ատելություն դրսևորելուց:
Բիլզերյանը նաև նշել է, որ որդին, մեկ օր ավել է մնացել Հայաստանում՝ Ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար:
«Դժվար է պատկերացնել, որ որևէ կառավարություն կարող է որոշել սպանել մոտ 2 միլիոն անմեղ կանանց, տղամարդկանց և երեխաների, սակայն դա հենց այն է, ինչ արել է թուրքական կառավարությունը 1915-ին: Որքան սարսափելի է եղել այդ արարքը, այնքան աններելի է այն, որ կառավարությունը շարունակում է հերքել կատարվածը», – գրել է Դեն Բիլզերյանի հայրը, նկատելով, որ հայ և թուրք ժողովուրդների միջև գոյություն ունեցող ատելությունը վերացնելու միակ ելքը Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելն է: