Բլոգեր, «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ մնում է հավելել, որ երեկ տեղի է ունեցել ՓԱԿ, ՆԵՐԹԻՄԱՅԻՆ միջոցառում, որին նույնիսկ լրագրողներ չեն հրավիրվել: Իսկ ոմանք փորձում են այն ներկայացնել քարոզարշավի մեկնարկ:
Հայկ Մարությանի խոսքերի հասցեատերը թիմն էր, որի անդամների արժանիքները նշելով ու գոտեպնդել ցանկանալով, նա ասաց «մեր թիմի դեմ խաղ չկա»:
Լծակներ ունեցող պաշտոնյայի կողմից այդ արտահայտությունը արտաբերելու և մրցության պատրաստվող թիմին դուխ տալու մեջ հսկայական տարբերություն կա: Ուստի, համեմատությունը նախկին այս կամ այն ԼԾԱԿՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ուժի հետ, ընդամենը խոսքը սեփական շահերին հարմարեցնել է:
Տպավորություն է, որ մրցակիցները արդեն իսկ մեր թիմը հաղթած ու պաշտոնավարող են համարում և բողոքում են միահեծան կառավարումից: Իսկ մենք, անտեղյակներս, իզուր ջանքեր ենք գործադրում՝ պատրաստվելով մրցապայքարի:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ որևէ մեկը սև ու սպիտակի չի բաժանել: Դա արդեն կեղտոտ աղավաղում է: Ասվել է «ուժեր, որոնք չեն ցանկանում, որ մենք հաջողենք»:
Այդ ուժերը կան, երեկոյան էլ լավ ոգևորվել էին ու դիրիժորություն անում:
Ինչ վերաբերում է հեղափոխությանը մասնակցած ու սատարածներին, առնվազն տարակուսելի էր, որ իրենք իրենց շտապեցին գցել ռևանշիստական սևերի հետ նույն շարքը: Կարծես թե ասում էին «մենք բոլորին հաջողություն ենք մաղթում», բայց, արի ու տես, իրենք իրենց համարեցին «ուժեր, որոնք չեն ցանկանում, որ մենք հաջողենք»:
Եվ վերջում, Քաղաքացիական պայմանագիրը ավագանու ընտրություններին մասնակցելու և հետագայում Երևանի կառավարումը իրականացնելու հնարավորություն է տվել թե՜ անկուսակցակնների, որոնցից մեկը ես եմ, թե՜ Առաքելության անդամներին: Իսկ ոմանք կուսակցականացման մենաշնորհման մասին են խոսում: Ակնոցով մեկ անգամ ևս թող անցնեն մեր ցուցակով: Թեպետ վստահ եմ, որ բան չի փոխվի, քանի որ չունենալով այլ «առիթներ» ու տեսնելով մեծ աջակցությունը մեր թիմի ու թեկնածուի հանդեպ, ամեն կերպով փորձելու են չեղածը մեզ վերագրել:
Հաջողություն եմ մաղթում բոլորին ու սեփական ուժերի հանդեպ վստահություն»: