Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հակահեղափոխության և սև-սպիտակի» մասին
Զորջ Օրուելն այսօրվա Հայաստանի մասին դեռ 1945-ին մի շատ հետաքրքիր վիպակ է գրել, որից մի հատված ևս տեղադրեմ….
«…Կաթի անհայտանալու առեղծվածը որոշ ժամանակ անց պարզվեց։ Այն ամեն օր ավելացնում էին խոզերի լափին։ Վաղահաս խնձորներն արդեն լցվել էին, եւ պարտեզի խոտին ցիրուցան էին եղել քամուց թափված պտուղները։ Անասունները բնականաբար ենթադրեցին, որ դրանք կբաժանվեն իրենց միջեւ, սակայն մի օր հրահանգ ստացվեց թափված խնձորները հավաքել եւ տեղափոխել պահասենյակ խոզերի համար։ Այստեղ մնացած անասուններից ոմանք մրթմրթացին, բայց ապարդյուն։ Տվյալ կետում խոզերը ոչ մի տարաձայնություն չունեին, անգամ Ձնագնդին ու Նապոլեոնն էին համերաշխ։ Զռանին ուղարկեցին մնացածներին անհրաժեշտ բացատրությունները տալու։
— Ընկերներ,— բացականչեց նա,— հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք, խոզերս, այդ անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված։ Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը եւ խնձորները։ Ես ինքս դրանք չեմ հավանում։ Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է։ Կաթը եւ խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերներ) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր։ Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական եւ վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։ Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնզը կվերադառնար։ Այո՛, Ջոնզը կվերադառնար։ Անշուշտ, ընկերներ,— համարյա պաղատագին վնգստաց Զռանը, պոչը շարժելով,— ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնզի վերադարձը։
Եթե կար մի բան, որում անասունները միանգամայն վստահ էին, դա այն էր, որ Ջոնզի վերադարձը ոչ ոք չի ուզում։ Երբ հարցը դրվեց այդ կտրվածքով, նրանք այլեւս ասելիք չունեին։ Խոզերի առողջությունը հոգալու անհրաժեշտությունը չափից ավելի ակնհայտ էր։ Եվ այդպիսով, առանց հետագա վիճաբանության որոշվեց, որ կաթը եւ քամուց թափված խնձորները (ինչպես նաեւ հասուն խնձորների հիմնական բերքը) առանձնացվելու են միայն խոզերի համար»։