Նոր փորձառության գայթակղությունն ու հետաքրքրասիրությունը հաղթեց վախին. Կարեն Անտաշյանը դարձավ ավագանու թեկնածու. armdaily.am
Advertisement 1000 x 90

Նոր փորձառության գայթակղությունն ու հետաքրքրասիրությունը հաղթեց վախին. Կարեն Անտաշյանը դարձավ ավագանու թեկնածու. armdaily.am

ArmDaily.am-ը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ շարունակում է զրուցել ավագանու թեկնածուների հետ: Այս անգամ մենք զրուցեցինք «Իմ քայլը» դաշինքում ընդգրկված երիտասարդ բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ:

Ավագանու թեկնածուն մեզ հետ զրույցում անդրադարձավ  իրենց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ վերջերս մեծ աղմուկ առաջացրած հայտարարություններին. «Ես առաջին անգամ ինձ համար առաջին դեմքով բացահայտեցի, թե ինչ ահռելի զգայական լիցք կարող է ունենալ քաղաքական գործչի տեքստը։ Քանի որ մենք՝ գրողներս, տարատեսակ հնարքների ենք դիմում տեքստով մարդկանց սիրտը մի թեթև շարժել կարողանալու համար։ Քանի որ ինքն արդեն մեկնաբանել ու փարատել է իր խոսքի  երկիմաստությունը, իմ կողմից միայն հավելեմ, որ շահարկվող արտահայտությունները Հայկ Մարությանի խառնվածքից չեն բխում, որքան որ ես եմ հասցրել նրան ճանաչել, նա խմբի յուրաքանչյուր անդամի կարծիքին ականջալուր, անգամ սուր ընդդիմախոսությունների հանդեպ բաց ու ուշադիր մարդ է։ Այդ ելույթի օրը ես, և, կարծում եմ, շատերն էլ զգացինք, որ նա չափից ավելի հուզված է։ Երբ ողջ կյանքում լսարանի հետ աշխատող մարդը հանկարծ հուզվում է մարդկանց առաջ, ուրեմն գիտակցում է այն ահռելի պատասխանատվությունը, որ հիմա դրված է իր վրա»,-  ընդգծում է Կարեն Անտաշյանը:

«Թեպետ իբրև ակտիվ քաղաքացի այս կամ այն չափով մշտապես ներգրավված եմ եղել Հայստանի  և Երևանի գրեթե բոլոր հնչեղություն ունեցող հարցերի հանրային դիսկուրսում, ինքս ընտրություններին մասնակցելու մտադրություն երբեք չեմ ունեցել ու երբ ՔՊ-ի ցանկով առաջադրվելու առաջարկ ստացա Զարուհի Բաթոյանից, հարցն ինձ լուրջ երկմտանքի առաջ կանգնեցրեց։ Մշտապես քո, թեկուզ փոքր, բայց սեփական տնտեսության գերագույն հրամանատար լինելով, ազատությունների ու առավելությունների մեծ ցանկ ես վայելում և մի տեսակ պասիվ կամ ակտիվ քննադատող լինելը, որ մինչ այդ շատ կարևոր դեր էի համարել իմ հանրային կյանքում, հանկարծ աննշան ու չնչին թվաց այն ահռելի պատասխանատվության ֆոնին, որ պարտավոր էի ստանձնել իբրև ահռելի բարեփոխումների անհրաժեշտության առաջ կանգնած Երևանի ավագանու անդամ։ Բայց, հետո, ինչպես սովորաբար եղել է իմ կյանքում, նոր փորձառության գայթակղությունն ու հետաքրքրասիրությունը հաղթեց վախին ու ես համաձայնվեցի: Ինչու ՔՊ-ի ցանկով՝ «Իմ քայլը» դաշինքի կազմում․ նախ սա այն քաղաքական ուժն է, ում ես ընտրել եմ նախորդ ընտություններին, այսինքն՝ կարելի է ասել՝համակիր եմ և կիսում եմ իրենց որդեգրած արժեքները, հետո կառույցում բազմաթիվ ընկերներ ունեմ – երիտասարդ, տաղանդավոր, աշխատասեր մարդիկ, ում այսօր վստահված են Հայաստանի առաջին կարևորության հարցերը, իսկ հեղափոխությունից հետո հատկապես ՔՊ-ն  դարձել է նոր Հայաստանի կառուցման գլխավոր պատասխանատուն»- նշում է բանաստեղծը:

«Ողջ գիտակից կյանքս ես ստեղծագործական աշխատանքը համատեղել եմ այլ գործունեության հետ՝ ձեռներեցություն, հասարակական ձեռնարկների, ինքնակրթության, ընտանիքի, այգու։ Քանի որ իմ ստեղծագործական ժանրը բանաստեղծությունն է, այսինքն՝ փոքր ծավալային ֆորմատը, իմ ստեղծագործականությունը ժամանակի սղության հետ երբեք կապ չի ունեցել։ Հակառակը՝նոր ապրումները, նոր իրավիճակները, նոր հանգամանքները, նոր ծանոթությունները, նոր խնդիրները ինձ համար ստեղծագործական ուժեղ լիցք են դառնում․սովորաբար այդպես է եղել»- շեշտում է նա:

Ամբողջական հոդվածը`armdaily.am