«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հերքում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված տեղեկությունը, որը վերաբերում է «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ին:
Հերքման տեքստում, մասնավորապես, ասվում է. «Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները հին են և ժամանակավրեպ: Հուշարձանի վրա գրառումներն արվել են տևական ժամանակ առաջ: «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի աշխատակիցները փաստն արձանագրելուց հետո, անմիջապես մաքրել են այդ գրառումները և հուշարձանը բերել նախնական տեսքի դեռևս ամիսներ առաջ: Անհասկանալի է, թե ինչու է ՖԲ օգտատեր Գուրգեն Վարդանյանը հիմա հրապարակում այդ լուսանկարները՝ ներկայացնելով իբրև նոր արձանագրված իրավախախտում:
Նշենք, որ հուշարձանի տարածքում հնագիտական արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ պեղումներ էր իրականացնում գրեթե մեկ ամիս և այն ավարտվել է օրեր առաջ: Հետևաբար, եթե լիներ նման բան, ապա այն հաստատ չէր վրիպի արշավախմբի աչքից:
Այդուհանդերձ, շնորհակալ ենք նույնիսկ «ժամանակավրեպ ու կեղծ հոգատարության» համար: Չնայած, որ իրականում խնդիրը ոչ թե մտահոգությունն ու սրտացավությունն է, այլ հուշարձանների պահպանությամբ զբաղվողների աշխատանքը վարկաբեկելը:
Գաղտնիք չէ, որ օգտատեր Գ. Վարդանյանը սոցիալական ցանցերում հաճախ հանդես է գալիս նաև արշավախմբի ղեկավարի նկատմամբ ունեցած իր բացասական դիրքորոշմամբ:
Հ.Գ Ստորև ներկայացվող լուսանկարները հուշարձանի տարածքում արվել են մոտ երկու ժամ առաջ»: