Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը իր ՖԲ էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա, մասնավորապես, գրել է.
«Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաև ուշադիր կերպով հետևենք Արևելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին:
Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»:
Ավելի վաղը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում տեղեկացրել էր, որ ԵԺԿ գլխակայանում հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ և նրան ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:
«Որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ վերահաստատել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման կարևորությունը, ընդգծել՝ Արևելյան գործընկերության շրջանակում խորհրդարանական դիվանագիտության դերը»,- գրել էր Արմեն Աշոտյանը: