«Փաշինյանի ճակատագրական սխալը»
Advertisement 1000 x 90

«Փաշինյանի ճակատագրական սխալը»

Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Փաշինյանի ճակատագրական սխալը. Պուտին-Փաշինյան երրորդ հանդիպումը չորս ամիսների ընթացքում կարող է դառնալ առավել անհաջող ու ամենածանրը Հայաստանի համար՝ քաղաքական հետևանքների առումով: Սակայն մինչև այդ հետևանքներն ընդունեն տնտեսական և դիվանագիտական տեսքն ու կերպարը, մեր երկիրն արդեն հայտնվել է վերին աստիճանի աննախանձելի վիճակում միջազգային օրենքի և պարզ մարդկային բարոյականության տեսակետից, քանի որ Փաշինյանի հայտարարված ՀՀ մասնակցությունը Սիրիայում սկսվող ռուսական «մարդասիրարական գործողություններին» դարձնում է մեզ բոլորիս այսօրվա ամենամռայլ և աշխարհի կողմից մերժված դահիճի՝ Պուտինի հանցակիցներ: Թող ոչ ոք չփորձի արդարացնել այս քայլը «մարդասիրական» շղարշով, կամ Սիրիայում նախատեսված հայոց բանակի սակրավորների ու բժիշկների խաղաղ առաքելությամբ: Ականազերծե՞լ ենք ուզում սիրիական քաղաքներն ու ճանապարհները՝ եկեք սկսզբից Արցախը ականազերծենք, պարոն վարչապետ:

Բժշկական օգնությո՞ւն ենք ուզում ցուցաբերել՝ Վայքի ծննդատանը մահացող մանուկներին կամ Կապանում ու Ալավերդիում թափոններից թունավորվող մարդկանց սկզբից բուժենք: Պատերազմից քանդված տնե՞րն ենք ուզում վերականգնել Սիրիայում՝ սկզբից Գյումրվա «դոմիկների» հազարավոր ընտանիքները եկեք մարդավայել պայմաններով ապահովենք: Եվ ընդհանրապես՝ մի՞թե պարզ չէ, որ «մարդասիրական» բառը զավեշտալի է հնչում, երբ օգտագործվում է պուծինյան բռնապետության կողմից, որը սկզբից օդային ռմբակոծություններով սպանել է հազարավոր սիրիացիների և ոչնչացրել նրանց տները, իսկ հիմա ցուցադրական ցինիզմով պատրաստվում է «վերակառուցել» Սիրիան և լկտիաբար փող է ակնկալում դրա համար միջազգային ատյաններից: Սիրիայի հայ համայնքի դա՞րդն ենք քաշում:

Այդ դարդը պետք է յոթ տարի առաջ քաշեինք, երբ ընկերներիս հետ Երևանում Սիրիայի դեսպանատան մոտ հակապատերազմական ցույցի ժամանակ, ես անձամբ դիմում ու պահանջում էի ՀՀ ԱԳՆ-ից, եկեղեցուց և Սփյուռքի կուսակցություններից՝ օր առաջ կազմակերպել սիրիահայ համայնքի հայրեդարձությունը, ապահով ու արժանապատիվ հեռացումը արդեն ակնհայտ սպառնալիքի տակ հայտնված այդ երկրից: Ի պատասխան մենք լսեցինք միայն «անհիմն խուճապն ու վտանգավոր սադրանքներ տարածելու» մեղադրանքներ: Հաշված ամիսներ անց Կոբանին ու Հալեբը դժոխքի վերածվեցին, սիրիահայ համայքնը կորցրեց ողջ ունեցվածքը, ոմանք նաև կյանքը՝ և այդ ամենը անհեռատես դեմագոգների և ագահ, անպատասխանատու գործիչների պատճառով:

Սակայն այն ժամանակ ՀՀ գաղութային իշխանությունը գոնե ձեռնպահ էր մնում ուղիղ մասնակցությունից, սահմանափակվելով ՄԱԿ-ում խայտառակ քվեարկություններով ռսական նախահարձակմանն աջակցելով: Ի՞նչ է պահանջում նման խենթ, ինքնասպան քայլի դիմել հիմա, 2018 թվականին, երբ 2011 կամ անգամ 2015 թթ. համեմատ Ռուսաստանը բոլորի համար ակնհայտ հայտնվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի ուղիղ պատժամիջոցների տակ, բացարձակ քաղաքական, տնտեսական, կրոնական մեկուսացման մեջ…

Երբ սույն տարվա փետվրարի 17-ին, ճակատագրի մռայլ հեգնանքով, ԱՄՆ զինվորականները ջախջախել են ռուս զորամիավորումը հայերիս համար խորհրդանշական Դեր-Զորում, իսկ մի քանի օր առաջ ուղիղ զգուշացրել են Ռուսաստանին, որ ուժով են կասեցնելու և խստորեն պատժելու են ռսական պատրաստվող նոր հարձակումը Սիրիայում: Եվ այս պայմաններում ՀՀ նոր իշխանությունը ոչ մի այլ ավելի կարևոր զբաղմունք չի գտնում քան միջազգային հանցագործ Պուտինին հաճոյանալու համար հայկական զինվորներին ուղարկել Սիրիա: Ուրեմն ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային եւ այլ հզոր պետություններին, ինչպես նաեւ իսլամական աշխարհի ճնշող մեծամասնությանն այսպիսի ակնհայտ մարտահրավեր նետելը բխում է ՀՀ պետական, կամ աշխարհասփյուռ հայության ազգային շահերի՞ց: Թե՞ ճիշտ հակառակը՝ դա մեր պետությունն ու ողջ հայությանը դարձնում է քաղաքական ճնշումների եւ հնարավոր ահաբեկչության թիրախ: Ֆրանսիացի հռչակավոր դիվանագետ Թալեյրանը նման դեպքերում ասում էր՝ «Սա ավելի վատ է, քան հանցանք, սա քաղաքական սխալ է»:

Ավաղ, մեր երկրում առ այսօր անորոշ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետը, որպեսզի հասարակությունը կարողանար իր վստահված պատգամավորների միջոցով ազդել կառավարության նման որոշումների վրա: Դեռ մի քանի շաբաթ առաջ ես կփորձեի մտահոգությոններս հասցնել «վերևներին» ընկերոջս՝ Արսեն Խարաթյանի օգնությամբ, սակայն նա այլևս Փաշինյանի խորհրդականը չէ, ասում են թե Մոսկվայի պահանջով: Մնում էր Ֆեյսբուքի թույլ հույսը, որ հորդորները կհասնեն տեղ և գոնե պատասխանի կարժանանան: Այսօր մարեց նաև այս հույսը՝ վարչապետի որոշումն ընդունված է և ոգևորությամբ գովերգվում է պուծինյան քարոզչության կողմից: Ուրեմն Մոսկվան զինում է Ադրբեջանին, մեր «դաշնակից» Բելառուսն ու Ղազախստանը ամեն ինչում աջակցում են մեր թշնամուն, սակայն Սիրիա նրանցից ոչ մեկը ոչ մի զինվոր չի ուղարկում, թողնելով այդ կասկածելի «պատիվը» Հայաստանին: Լավ, գոնե մեր պատմական ախոյան Թուրքիայից սովորենք՝ նրանք վերջին պահին խոհեմաբար կողմ են քաշվել և հակադրվել են ռսական արկածախնդրությանը, ինչպես Երկրորդ աշխարհամարտի վերջում, երբ Թուրքիան «պատերազմ հայտարարեց» արդեն պարտված ֆաշիստական Գերմանիային և այդ միջոցով կարողացավ պահպանել իր տարածքներն ու շահերը…

Կամ սովորենք ի վերջո, աշխարհի վտարանդի Հյուսիսային Կորեայից՝ այսօր իրենց պետության 70-ամյակին նվիրված ռազմական շքերթին նրանք խոհեմաբար դուրս չեն հանել ոչ մի հրթիռ՝ ցուցադրելու համար ԱՄՆ հետ հարաբերությունները լավացնելու ցանկությունը…

Ես կարծում եմ, որ սա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ և ճակատագրական սխալն է անցած ամիսների ընթացքում: Սա առավել լուրջ և վտանգավոր սխալ է քան ցանկացած կադրային կամ տնտեսական վրիպում: Այս որոշումով Փաշինյանը կամա թե ակամա հակադրում է Հայաստանը ողջ քաղաքակիրթ աշխարհին և ծանր վնաս է պատճառում մեր գերագույն պետական և ազգային շահերին: Այս պահից ի վեր ես համարում եմ ինձ քաղաքական ընդդիմություն նրա արտաքին քաղաքականությանը և ձգտելու եմ տեղ զբաղեցնել ապագա հայոց խորհրդարանում՝ ձայնս, կարծիքս, իմ նման մտածող մարդկանց շահերն ու համոզմունքները պաշտպանելու համար»:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸՊուծին-Փաշինյան երրորդ հանդիպումը չորս ամիսների ընթացքում կարող է դառնալ առավել անհաջողն ու…

Gepostet von Tigran Khzmalyan am Sonntag, 9. September 2018



Նման նյութեր