Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո այդ հանդիպման արդյունքների հետ կապված զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը ներկայացնում ենք թարգմանաբար։
– Ադրբեջանի առնչությամբ վերջին շրջանում ձեր կողմից չափազանց շատ է օգտագործվել «պատերազմ» բառը։ Հուլիսին դուք այդ մասին ասել եք նաև «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում։ Դա ուժեղ բառ է։ Մի՞թե կարող է իրադրություն այդքան հեռուն գնալ։
– Հույս ունեմ, որ ոչ։ Որն է Ադրբեջանի քաղաքականությունը հիմա։ Ադրբեջանը հույս ունի, որ կկարողանա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրել, որպեսզի այդ ֆոնին կարողանա սադրիչ քայլերի գնալ։ Սակայն քանի որ դուք բոլորդ եք տեսնում, և բոլորս էլ համոզվեցինք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում չկան և չեն լինի գլոբալ քաղաքական խնդիրներ, կարծում եմ, որ Ադրբեջանի այդ սցենարը փլուզված կարելի է համարել։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահն ունի մտավախություններ, որ դեմոկրատական պրոցեսները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, կարող են սկսվել նաև Ադրբեջանում, և ցանկանում է Ղարաբաղում սրացմամբ, Ղարաբաղի հետ շփման գծում ինչ- ինչ սադրիչ գործողությունների գնով ուշադրությունը շեղել իր քաղաքացիների ներքին խնդիրներից և այդպիսով հաղթահարել այն ներքին խնդիրները, որոնք այսօր կան։
– Ինչքանո՞վ է հավանական։ Սա տեսակա՞ն վարկած է, թե պատերազմի սցենարի հավանականություն կա։
– Անկեղծ ասած, ներկայումս իրադրությունը շփման գծում բավական կայուն է։ Սակայն երբ մենք լսում ենք Ադրբեջանից ռազմատենչ հռետորաբանություն մեր հասցեին, ապա լարվածությունը աճում է։ Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի իր վարքագիծը։ Մենք պետք է բոլորս աշխատենք և ստեղծենք պայմաններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Հայաստանն էլ պետք է այս ուղղությամբ գնա, սակայն Ադրբեջանն էլ պետք է հասկանա, որ չի կարող Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսել։
– Այդուհանդերձ Ղարաբաղյան կարգավորման հարցը տեղից չի շարժվում և կա զգացողություն, որ մտել է փակուղի։ Դուք հայտարարել եք, որ պատրաստ եք բանակցությունների։ Ինչի՞ մասին։ Ձեր դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին հավասարի իրավունքով։
– Ինչու է փակուղում։ Որովհետև Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և սպառնում է պատերազմով։ Այդ մթնոլորտում անհնար է, որ կառուցողական բանակցություննե լինեն։ Որպեսզի սկսվեն դրանք, անհրաժեշտ է մթնոլորտ բանակցությունների համար։ Մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ աշխատել։ Ինչ վերաբերում է ձևաչափին։ Ես Հայաստանի վարչապետն եմ և պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի անունից։ Սակայն ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացներին։ Իրենք իրենց իշխանությունն ունեն, իրենց կառավարություն, իրենց նախագահը։ Ղարաբաղը պետք է ներկայացնի օրինակարգ ներկայացուցիչը, ով ունի իրավունք այդ ժողովրդին ներկայացնելու։ Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից։ Մենք պատրաստ ենք դրան ցանկացած պահի, սակայն Ղարաբաղի ներկայացուցիչը ներկայացնի Ղարաբաղը։ Ես որևէ սենսացիոն բան չեմ ասում։ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված բոլոր երեք հայտարարություններում էլ, որոնք արվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները, ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, և բոլորը դա ընդունում են և ահնար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան որոշել առանց վերջինիս մասնակցության։ Եթե մենք ասում ենք, որ հակամարտության կարգավորումն իրատեսական է, ապա պետք է փորձենք ճիշտ ձևաչափով լուծել այն։ Գուցե բանակցային գործընթացը տեղում դոփում է, որովհետև ձևաչափը բանակցությունների այնքան էլ ճիշտ չէ, այսինքն նկատի ունեմ, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում դրան։
– Ադրբեջանը կտրուկ դեմ է դրան։
– Եվ իհարկե, մենք պատկերացնում ենք հետագա բանակցութունները միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։
– Սակայն կան հարցեր, որոնք կախված են Հայաստանից։ Ես նկատի ունեմ յոթ շրջանները, որոնք նույնիսկ Հայաստանն է ընդունում, որ ադրբեջանական են։ Նրանց վերադարձի մասին վաղուց է խոսվում։ Սակայն պրոցեսը տեղից չի շարժվում։
– Հիմա կա Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը, որի համաձայն, այդ շրջանները համարվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի մաս։
– Նման մոտեցմամբ դժվար է որևէ տեղաշարժը պատկերացնելն առհասարակ։ Ադրբեջանը դա երբեք չի ընդունի։ Հետևաբար, ինչի մասին խոսել։
– Մենք ասում ենք, որ պատրաստ ենք խաղաղ կարգավորման հնարավորությունները քննարկել։ Հաճախ են հարցնում՝ պատրաստ է արդյոք Հայաստանը զիջումների։ Սակայն ոչ մեկը չի հարցնում, իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է։ Բոլորը հարցնում են, թե արդյոք Հայաստանը պատրաստ է կոմպրոմիսների։ Սակայն ոչ մեկը չի հարցնում, թե կոմպրոմիսների արդյոք պատրա՞ստ է Ադրբեջանը։ Եթե Ադրբեջանը պատրաստ է, մենք էլ ենք պատրաստ։ Հարցն անհնար է կարգավորել առանց կոմպրոմիսների։ Սակայն խնդիրն այն է, որ ամեն օր Ադրբեջանը սպառնում է, որ պատերազմ կսկսի և հայտարարում է, թե Երևանը ադրբեջանական քաղաք է, իսկ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական է։ Այս մթնոլորտում մենք պարզապես հրաժարվում ենք խոսել կոմպրոմիսներից։ Եթե սպառնալիքների մթնոլորտում խոսենք կոմպրոմիսներից, դա կընկալվի որպես թուլություն։ Մենք դա երեբեք թույլ չենք տա։ Եթե Ադրբեջանը մտածում է, որ կարող է խոսել ուժի դիրքերից, ապա ասում ենք, դա անհնար է։ Ոչ մեկը մեզ հետ ուժի դիրքերից խոսել չի կարող։
– Վլադիմիր Պուտինը բազմիցս է հանդես եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Վերջերս նա ձեզ ծանոթացրել է Իլհամ Ալիևի հետ։ Ռուսաստանի նախագահն ունի ինչ-որ գաղափարներ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Այս հարցն արդյոք քննարկվե՞լ է։
-Մենք խոսել ենք, որ հարկավոր է հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչը ներդնում է հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Դրանք պետք է լինեն ռեալ բանակցություններ։ Կարծում եմ՝ որևէ մեկին պետք չէ բանակցությունների իմիտացիան։ Մենք պատրաստ ենք իրապես ջանքեր դնել, որպեսզի հակամարտությունը իրապես լուծվի խաղաղ ճանապարհով։
– Բոլորը պատրաստ են, բոլորը խոսում են խաղաղությունից, սակայն բանակցություններին, որքան հասկանում եմ, դեռ շատ կա։
– Ինչո՞ւ։ Մենք պատրաստ ենք իրական բանակցությունների.