
«Ժառանգություն» կուսակցությունն իր կառավարման օրոք խոստանում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել: Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության քարոզարշավի առաջին օրվա իր ելույթում հայտնեց ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:
«Էլեկտրատրանսպորտը, էլեկտրական ավտոբուսները մեր թիրախն են լինելու: Ժառանգության կառավարման ընթացքում պետք է նվազագույնը մեկ մետրոյի կայարան կառուցվի, եթե հնարավոր լինի ավելի շատ կառուցել, ավելի լավ կլինի: Դրա հետ մեկտեղ որոշ կայարաններում պետք է ալտերնատիվ մուտքեր ստեղծել»,- նշեց Մարտիրոսյանը:
Կուսակցության նախագահի խոսքով՝ Երևանի խնդիրների լուծումը քաղաքի զարգացման մեջ է:
«Մենք զարգացնելու ենք Երևանը: Կրթության ոլորտում պետք է փոփոխություններ անենք, պետք է նորագույն տեխնոլոգիաներ մտցնենք դպրոցներ: Պետք է շատացնենք մանկապարտեզները, որովհետև այսօր համալսարան ընդունվելն ավելի հեշտ է, քան մանկապարտեզում ազատ տեղ գտնելը»,- ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ Երևան քաղաքը պետք է ունենա ոչ կուսակցականացված, մասնագիտական կառավարում: