Հնարավոր է՝ ՌԴ-ում այս համաճարակաբանական սեզոնին տարածվեն գրիպի երկու նոր շտամներ: Այսպիսի տեղեկություն է ներկայացվել Վլադիվոստոկում անցկացվող Արեւելյան տնտեսական համաժողովում «Ռոսպոտրեբնադզորի» ստենդում:
«Ռուսաստանում սպասվում է գրիպի երկու նոր շտամների շրջանառություն, որոնց դեմ անցյալ տարի չեն պատվաստել եւ ռուսաստանցիների մոտ իմունիտետ չի ստեղծվել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ հիվանդության տեւողությունը միջինը մոտ մեկ շաբաթ է, սակայն հնարավոր է հիվանդությկան ծանր ընթացք ավելի երկար ժամանակահատվածում:
Հաղորդվում է նաեւ, որ Ռուսաստանը գնել է գրիպի դեմ 62 մլն պատվաստանյութ:
«Ընթացիկ համաճարակաբանական սեզոնի համար պետական միջոցներով գնվել է մոտ 62,3 մլն հայրենական արդիական շտամներով պատվաստանյութի դոզա, այս պատվաստումն անվճար կստանան ռիսկի խմբերը՝ երեխաները, տարեցները, հղիները»,- նշված է «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարության մեջ: