Ֆեյսբուքի հայախոս անծայրածիր տիրույթում քննարկվող հիմնական թեմաներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հերթական օգնականի նշանակման մասին տեղեկությունն էր: Սոցցանցային մեկնաբաններին ու ակտիվ օգտատերերին ոչ այնքան վարչապետի օգնականների թվի ավելանալն էր այս անգամ հետաքրքրել, այլ բոլորովին մեկ այլ հանգամանք. այն, որ նորանշանակ օգնականը՝ Սոֆյա Նավասարդյանը, որը նույն Ֆեյսբուքում գրանցված է որպես Սոֆյա Խուդոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրն է կամ ոճաբան-վարսավիրը:
Ավելի ուշ «վարսավիր-օգնականի» թեմային միացան նաև, պայմանական ասած, «սպիտակները», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ միարժեքորեն ու անպայման պաշտպանողները, որոնց հանրային վարքն էլ թերևս ամենից հետաքրքրականն է այս հարցում: Բայց, նախ, նշանակման մասին: Ավելի ուշ անգամ վարչապետի խոսնակը խնդրին անդրադարձավ: Համենայն դեպս Yerkir.am-ին տված մեկնաբանությամբ Արման Եղոյանը նշել է, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և նրա տիկնոջ ոճաբանն է և շարունակելու է զբաղվել նույն գործով:
Ա.Եղոյանն ասել է. «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»: Խոսնակի խոսքով՝ աշխարհում ընդունված գործելակերպ է, երբ երկրի ղեկավարը ոճաբան է ունենում: Դե՝ հա՛:
Ի դեպ, ընդունված է, որ երկրի ղեկավարները նաև խոհարար ունենան, դերձակ, որոշ ղեկավարներ անգամ ֆլորիստ ու այգեպան ունեն, նույնիսկ ախոռապետ ունեցողներ կան և այլն, նայած, թե ում երևակայությունն ու ցանկություններն ինչ վայրիվերումներ են ունենում: Բայց վարչապետի մամուլի քարտուղարի ասածից մի բան այդպես էլ անհասկանալի մնաց. իսկ ի՞նչն էր խանգարում, որ մեր նշված հայրենակցուհին շարունակի անել իր գործը որպես ոճաբան-վարսահարդար:
Այսինքն՝ եթե նա պաշտոնապես վարչապետի օգնական չձևակերպվեր, չէ՞ր կարողանալու կատարել իր աշխատանքը: Գուցե դա, այսպես ասենք՝ հեղինակությա՞ն հարց էր, որ անպայման ձևակերպվեր որպես օգնական: Այսինքն՝ ո՞րն է տարբերությունը: Ինչպես արդեն թեթևակի նշեցինք, այս նշանակումը ակտիվ ու բուռն քննարկումների առիթ էր տվել: Առհասարակ հեգնական, նաև սրամիտ դիտողությունները հնարավոր ընկալելի ու բնական արձագանքն են կատարված փաստին:
Բայց, ինչպես նշեցինք, նաև իշխանասեր ու իշխանամետ ակտիվ օգտատերերն էլ նետվեցին ամեն գնով պաշտպանելու, արդարացնելու, գովերգելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, նրա իմաստուն քայլերը, նրա նոր օգնականին: Չէ, վարսավիր կամ ոճաբան լինելը ամենևին պախարակելի կամ վատ բան չէ, անշուշտ: Ըստ որում՝ վարսավիրությունը կարող է որևէ մարդու մասնագիտություններից մեկը լինել, ի վերջո, ու մեր բուն ասելիքը դրա մասին էլ չէ: Ոչ էլ նորանշանակ օգնականի:
Հակառակը, հիմա եթե վարչապետի ու նրա տիկնոջ հագուկապին, սանրվածքին հետևողները մի ծուռ կամ քննադատելի բան տեսնեն, գոնե կիմանանք, թե ով է դրա համար պատասխանատու: Բայց… Մեղքներս ի՞նչ թաքցնենք:
Փորձեցինք մի պահ պատկերացնել, թե ի՞նչ արձագանք, ավելի ճիշտ, կներեք՝ ինչպիսի՜ «ղժժոց», շանթահարող աղմուկ, մեղմ ասած՝ վայնասուն կբարձրանար նույն «ֆեյսբուքներում», ի՜նչ սպանիչ ու հեռագնա մեկնաբանություններ կծավալվեին, ինչպիսի՜ ծաղրական հոդվածներ ու հարցազրույցներ կհրապարակվեին որոշ լրատվամիջոցներում, եթե հանկարծ նման մի քայլ աներ նախկին նախագահը կամ թեկուզ վարչապետը:
Այդ ժամանակ նույն այն անձինք, որոնք այսօր ստեղնաշարին սերտաճած պաշտպանում ու արդարացնում են Նիկոլ Փաշինյանի նշանակումը, ահա հենց նո՛ւյն այդ՝ անձինք պարզապես ծաղրուծանակի խրախճանք կսարքեին սոցցանցերում: