2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 2753 զոհերից 1111-ի աճյունները դեռևս նույնականացված չեն: Այս տվյալները սեպտեմբերի 10-ին հրապարակել է Reuters գործակալությունը:
Վերջին հինգ տարվա ընթացքում մասնագետներին հաջողվել է պարզել միայն հինգ զոհերի ինքնությունը: Այդպիսով, այսօրվա դրությամբ, նույնականացված են 1642 զոհվածներ, նշում է գործակալությունը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ չորս մարդատար ինքնաթիռ էին գրավել ԱՄՆ-ում:
Դրանցից երկուսը նրանք ուղղորդել էին Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների վրա, որոնք այն ժամանակ ամենաբարձր շենքերն էին Նյու Յորքում: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղել էին Վաշինգտոնի արվարձանում գտնվող Պենտագոնի շենքի վրա, չորրորդը նույնպես ուղևորվել էր ԱՄՆ-ի մայրաքաղաք, սակայն կործանվել է Փենսիլվանիայի նահանգի Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու: Ընդամենը ահաբեկչական չորս գործողության հետևանքով զոհվել է 2977 մարդ: