Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին Volkswagen-ը մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին Volkswagen-ը մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 34 ZD 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ տեղում անհրաժեշտ բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արտյոմ Աբրահամյանի գլխավորությամբ։

Վիրավորին և մահացածին ձորից դուրս են բերել փրկարարները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ո սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com