Դուբլինում վրաերթի ենթարկված հայի համար մոտ 30.000 եվրո օգնություն է հավաքվել
Advertisement 1000 x 90

Դուբլինում վրաերթի ենթարկված հայի համար մոտ 30.000 եվրո օգնություն է հավաքվել

Իռլանդիայում մոտոցիկլետով վրաերթի ենթարկված հայազգի Իլաբեկ Ավետյանի համար ընդամենը 1 օրվա ընթացքում 30.000 եվրո է հավաքվել՝ նրա մասին թերթում հոդվածի հրապարակումից հետո: Այս մասին հայտնում է իռլանդական Journal.ie կայքը:

Տուժածի կինը՝ Անժելա Կոստանյանը The Irish Independent-ի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել մարդկանց առատաձեռնության համար:

«Բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան ինձ օգնեցին այսօր: Առավոտյան սա տեսնելուց հետո չեմ կարողանում արցունքներս զսպել: Ինձ անչափ երջանկացրել է այն, որ այդքան իռլանդացիներ ցանկացել են օգնել Իլաբեկին: Չեմ կարող նկարագրել, թե ինչ է նշանակում իմանալ, որ այդքան շատ իռլանդացիներ են մտածում մեր մասին»,- ասել է նա:

Իռլանդիայի հանրապետականներից Ջոն Քուրանն ասել է, որ անհրաժեշտ է օրենսդրական քայլ ձեռնարկել, որպեսզի բոլոր տիպի տեղանքների համար նախատեսված փոխադրամիջոցների, այդ թվում՝ մոտոցիկլետների անօրինական օգտագործումը սահմանափակվի: Նրա խոսքով՝ չնայած տեղական որոշ կանոնակարգերի գոյությանը, այնուամենայնիվ, Իռլանդիայի ոստիկանությունը գրեթե իշխանություն չունի այդ օրինագծերը կիրառելու համար: Նա նշել է, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել, որպեսզի վերացվեն մոտոցիկլետների սխալ գործածումն ու դրա հակահասարակական հետևանքները:

Հիշեցնենք, որ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 39-ամյա Իլաբեկ Ավետյանը մոտոցիկլետով վրաերթի է ենթարկվել, որի հետևանքով տղամարդը ստացել է մի շարք լուրջ վնասվածքներ. նա կորցրել է ձախ աչքը, ինչպես նաև ունի մի շարք կոտրվածքներ ճակատի, քթի և ծնոտի հատվածներում:

news.am