Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանին հղած իր ուղերձի ընթացքում առաջարկել է հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից: Այդ մասին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:
«Ժամերի փոփոխման պրակտիկան պետք է դադարեցվի: ԵՄ-ի երկրներն իրենք պետք է որոշեն՝ իրենց քաղաքացիներն ապրում են ամառային, թե ձմեռային ժամանակով: Ես ակնկալում եմ, որ Եվրախորհրդարանը եւ Եվրամիության խորհուրդը համամիտ կլինեն այս կարծիքին եւ աշխատանքային լուծումներ կգտնեն մեր ներքին շուկայի համար: Մենք ժամանակ չունենք»,- Յունկերի խոսքը մեջբերել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Մենք առաջարկում ենք ժամերի սեզոնային փոփոխումը դադարեցնել հաջորդ տարվանից, ինչը թույլ կտա քաղաքացիներին՝ անհապաղ օգուտ ստանալ»,-այս կապակցությամբ հավելել է տրանսպորտի գծով եվրակոմիսար Վիոլետա Բուլցը:
Օգոստոսին Եվրահանձնաժողովը հրապարակել էր կանոնավոր կերպով ձմեռային եւ ամառային ժամանակի անցնելու հարցի շուրջ առցանց քվեարկության նախնական տվյալները, որոնց համաձայն, եվրոպացիների շուրջ 84 տոկոսը հանդես Է եկել ժամերի սեզոնային տեղափոխումը չեղարկելու օգտին: Քվեարկությունն անցկացվել է հուլիսի 4-ից մինչեւ օգոստոսի 16-ը, դրան մասնակցել է 4,6 մլն մարդ: